Մարզերում ներդրումային ծրագրերը նոր թափ կստանան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզերի խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների հետ: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, նախարարության հետ համագործակցող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետեր, զարգացման ծրագրերի ստորաբաժանման ղեկավարներ և համապատասխան պատասխանատու աշխատակիցներ:

Ողջունելով ներկաներին` նախարար Դավիթ Լոքյանն առաջնային է համարել համայնքներում առաջին փոքր տնտեսական հիմքերը դնելու հարցը, որպեսզի 2018 թվականի ավարտին ակնկալենք տնտեսական արդյունքներ: Նախարարը տեղեկացրել է, որ 2017 թվականի կեսերին փոխնախարար Վարազդատ Կարապետյանն իր թիմով աշխատել է մարզերում և նախարարություն ներկայացրել համայնքների տնտեսական զարգացման մեթոդական ուղեցույցը, որից հետո որոշում է կայացվել 2018-ի սկզբից բոլոր համայնքներում ունենալ տնտեսական պատասխանատուներ:

«Տնտեսական պատասխանատուն դառնալու է տվյալ համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիան բոլոր կառույցներին փոխանցող առաջնային օղակը` մարզպետարաններին, Կառավարությանը, միջազգային կազմակերպություններին, բանկային համակարգին, վարկային կազմակերպություններին և այլ ֆինանսատնտեսական կառույցներին: Դրա համար մենք չզլացանք փնտրել այնպիսի մարդկանց, ովքեր կապ ունեն տնտեսության հետ, ունեն հաղորդակցման հնարավորություններ և կարող են համայնքի զարգացմանը նպաստող քայլեր անել»,- ասել է Դ. Լոքյանը, նկատելով, որ հանդիպման նպատակն է զրուցել այն մարդկանց հետ, ովքեր տարածքային զարգացման գաղափարախոսության գործընթացի շարժիչ ուժը պետք է լինեն:

«Մեր աշխատանքի հիմքում դրել ենք հետևյալ տրամաբանությունը` համայնքում ձևավորել մոտիվացիա. համայնքը միայն իր վարչական միջոցներով չի կարող իրականացնել իր կապիտալ ծախսերը: Ինչքան էլ կարևոր լինեն ծախսերը, համայնքը պետք է կարողանա իր ֆոնդային բյուջեում միջոցներ դնի ու ակնկալի դրա կրկնապատկումը պետությունից: Այստեղ շատ կարևոր է, որ համայնքը իր ռեսուրսներից կարողանա ճիշտ բյուջե կազմել: Մինչև այս տարվա մարտի 30-ը ձեզ հետ միասին պետք է կարողանանք ստանալ սուբվենցիայի համապատասխան ծրագրեր տվյալ համայնքների հրատապ, պրոբլեմային տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու համար և այդ նպատակով հատուկ գործիքակազմ ենք ստեղծել համայնքներում տնտեսությունը զարգացնելու համար: Դրանք այսօր կներկայացվեն ձեզ, իսկ առաջիկայում լինելու են նաև մեծածավալ վերապատրաստումներ»,- նշել է նախարարը` արդյունավետ աշխատանք մաղթելով ներկաներին:

Աշխատաժողովում քննարկվել են նաև համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգը, միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակում համայնքների հնարավորությունները, համայնքների տնտեսական պատասխանատուների վերապատրաստման դասընթացների նախնական պլանները, ինչպես նաև ոլորտային այլ հարցեր։

mtad.am

Տպել Տպել