Սիրիահայերը նույնպես անհանգստացած են

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ ինչպես բոլոր սիրիացիները, այնպես էլ սիրիահայերը անհանգստացած են Աֆրինում թուրքական զինուժի գործողություններից:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես Սիրիայի հետ ցանկացած հարց, որ մտահոգում է սիրիացիներին, մտահոգում է նաև այստեղ ապրող հայերին:

«Այսօր Հալեպից ոչ շատ հեռու գտնվող Աֆրինի շրջանը բռնության է ենթարկված, և այսօր պաշտոնապես Սիրիան դատապարտում է դա: Կոչ է անում միջազգային ընտանիքին, որ վերջ տան թուրքական ագրեսիային, կասեցնեն այդ ոտնձգությունները»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այդ ամենին մասնակից է նաև սիրիահայությունը: «Բոլորիս այսօրվա իրավիճակը անհանգստացնում է, բայց բոլորս դեռ լավ ակնկալիքներ ունենք»,- նշեց նա:

Հարցին՝ արդյո՞ք սիրիահայերը վախենում են, որ Սիրիայի համեմատաբար խաղաղությունը կսասանվի, Ժիրայր Ռեիսյանը պատասխանեց․ « Հիմա այլևս «վախ» բառը չենք գործածում, որովհետև արդեն այս յոթ տարիների ընթացքում իր համոզումների մեջ ժողովուրդն արմատացել է, ժողովուրդ, որ վստահ է, որ ի վերջո խաղաղություն կլինի և իր ցանկությունները կիրագործվեն, արդարությունը կվերականգվի։ Այնպես որ, ինչպիսի դժվարություն էլ լինի, ժողովուրդը իր ղեկավարության կողքին շրջանցելու և լավին անցնելու հաստատակամություն է դրսևորելու»,- ասաց նա:

Տպել Տպել