Լավ գիտնականն ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրը կարող է լուծել

Լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գիտության, կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նկատելով, որ կան բարեգործական ընկերություններ, միջազգային համագործակցություն, համալսարանական ռեսուրսներ: Նրա գնահատմամբ՝ այս պահին գիտության հումանիտար բլոկում պակասում է ինդիվիդումը:

– Պարո՛ն Մկրտչյան, նախագահ Սերժ Սարգսյանին դուր չեկավ այն հանգամանքը, որ կրթության, գիտության ոլորտի որոշ անվանակարգերում պետական մրցանակ ստացող չեղավ, և նա հանձնարարեց ուսումնասիրել խնդիրները: Ինչո՞ւ է այս ոլորտում նման պատկեր, որ գոնե մեկը մրցանակ չի ստանում:

– Ունենք 2 հարթություն, օրինակ՝ կերպարվեստի բնագավառում շատ վառ ստեղծագործություններ էին, ինչը հնարավորություն չէր տվել հանձնաժողովին կողմնորոշվել, այսինքն՝ այստեղ որակի խնդիր չունենք: Ինչ վերաբերում է հումանիտար բնագավառին, ապա այստեղ իսկապես մտահոգիչ հարցեր կան: Ըստ էության՝ մենք մենագրության կամ փոքր հեղինակային խմբի ձևով վառ գիտական աշխատանք հումանիտար բնագավառում չունենք: Սա նաև մեզ համար առիթ է, որ մենք Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտներում, մեր այլ բուհերում այս թեման քննարկենք ու հասկանանք:

– Ինչո՞ւ հումանիտար բլոկում վառ աշխատությունների պակաս կա, ոլորտը հետաքրքիր չէ՞, ֆինանսավորո՞ւմն է քիչ, թե մարդիկ շահագրգռված չեն:

– Երբեմն այսպես լինում է, բայց որ ասենք, թե ոլորտում անկում է, սխալված կլինենք, որովհետև հայոց պատմության քառահատորյակ, հայ գրականության պատմություն և այլ նոր աշխատություններ կան, որտեղ մեծ խմբեր են աշխատում: Խոսքը մենագրությունների և փոքր աշխատանքային խմբերով ստեղծված գործերի մասին է, որտեղ խնդիրներ կան: Հավանաբար, պետք է նաև Գիտության կոմիտեի հետ նայենք ու տեսնենք՝ թեմատիկ ֆինանսավորումն ինչպես կարող ենք ուղղորդել և խրախուսել ավելի որակյալ ստեղծագործությունները, քաղաքական հնչեղություն ունեցող ստեղծագործությունները: Բայց նախորդ տարիներին եղել են, եղել են նաև Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի հետ կապված:

– Գիտության, կրթության ոլորտի գրեթե բոլոր մասնագետներն արձանագրում են, որ գիտության ոլորտի ֆինանսավորումը քիչ է, նույնիսկ գիտնականներն են քիչ վարձատրվում: Նախարարությունն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում:

– Գիտեք՝ լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Ֆինանսավորում կարող է լինել և՛ բարեգործական կազմակերպությունների, և՛ միջազգային համագործակցությունների, և՛ կոնկրետ համալսարանական ռեսուրսների միջոցով: Այստեղ խնդիրն ավելի շատ երևի թե ճիշտ թեմատիկա ընտելու, դրանց շուրջ որակյալ կադրեր ձևավորելու խնդիրն է: Նախագահի հանձնարարականը կա, ու մենք անպայման կուսումնասիրենք ու կքննարկենք:

– Վերջին շրջանում մի շարք օրենսդրական փոփոխություններ արվեցին, թիրախավորվեց ռազմարդյունաբերության զարգացումը, բնագիտական ուղղության զարգացումը։ Հնարավո՞ր է՝ նաև սրա արդյունքում է տուժել հումանիտար բլոկը:

– Ոչ, չեմ կարծում, ի դեպ, խնդիրը միայն պետական մրցանակների թափուր մնալու մեջ չէ: Բանն այն է, որ մեր բակալավրական կրթության 70 տոկոսը հումանիտար է, մենք իսկապես պարտավոր ենք բնագիտական ուղղությանը զարկ տալ, հակառակ պարագայում այն վտանգի տակ է: Մեկը մյուս հաշվին չէ, խնդիրն այն է, որ այդ 70 տոկոսի մեջ մենք պետք է հասկանանք, թե ինչու այդ մեծ քանակը չի դառնում որակ, այսինքն՝ ինչո՞ւ մի մեծ հատված չի գնում դեպի հումանիտար գիտություն: Մենք տասնյակներով, հարյուրներով գիտաշխատող ունենք, ինչո՞ւ այդ աշխատողների մոտ չկան այդ աշխատությունները, պետք է գործի գիտական դպրոցը, որը կձևավորի կոթողային արժեք: Հիմա գիտական ինստիտուտներում այդ արժեքը ստեղծվում է՝ պատմության, գրականագիտության ինստիտուտը և այլն, որտեղ մեծ ծավալով աշխատանք արվում է, բայց ինդիվիդում կարծես շատ չի ձևավորվում, որն իր սեփականը ստեղծի:

– Ինչո՞ւ չկա այդ ինդիվիդումը, ի՞նչն է խանգարում:

– Սա մի քիչ գիտատեխնիկական խնդիր է, նախագահի հանձնարականն էլ առիթ է մանրակրկիտ ուսումնասիրություն անելու համար: Իսկապես կարևոր է երկրի համար, որ հանձնաժողովները լինեն այնքան սկզբունքային, որ եթե արժանին չկա, որևէ մեկին մրցանակ չտան: Սա առիթ կտա գիտական հանրությանը կենտրոնանալ, թե ինչու չի լինում: Կոնկրետ հումանիտար բլոկում ես խորքային խնդիրներ եմ տեսնում, միգուցե լուծումներից մեկն այն է, որ Գիտության կոմիտեում հատուկ հումանիտար ուղղության հաստիք ձևավորվի: Այստեղ ֆինանսավորման կամ հաստիքների պակաս չկա, իսկ բնագիտության ծավալն իսկապես փոքրացել է, որը դպրոցներից սկսած պետք է մեծացնել:

Անի Օհանյան

Տպել Տպել