Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ պետք է շնորհակալ լինել Ռուսաստանի Դաշնությանը Սոչիում սիրիական հակամարտությանը վերաբերող կոնգրեսը նախաձեռնելու և կազմակերպելու համար:
Նա անձամբ է մասնակցել դրան: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համաժողովի ընթացքում նկատվեց, որ կա ըմբռնում` Սիրիայում խաղաղությունը վերականգնելու: «Որքան էլ ժողովի ժամանակ, երբեմն, վատ մթնոլորտ ստեղծվեց, սակայն միշտ կարելի եղավ ընդհանուր եզրակացության գալ, որ խնդրի լուծման ճանապարհը բանակցությունները շարունակելն է»,- նշեց նա:
Կոնգրեսին Ժիրայր Ռեիսյանի հետ մասնակցել են հայազգի պատգամավոր Նորա Ասիրյանը և Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը: Ըստ Ժիրայր Ռեիսյանի՝ իրենք այնտեղ էին, որպես սիրիացի ժողովրդի մաս, ներկայացնում էին, թե որքան անհրաժեշտ է Սիրայի ժողովրդին խաղաղությունը: «Սիրիահայերը սիրիացիները մի մասն են»,- նկատեց նա:
Ժիրայր Ռեիսյանը մատնանշեց, որ օդանավակայանում նրանց փորձեցին խանգարել կոնգրեսին մասնակցելու եկած ընդդիմության ներկայացուցիչները, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել, և բոլորն անցել են իրենց բնականոն աշխատանքին:
«Մթնոլորտը խանգարողներ միշտ էլ լինում են, բայց բարի ցանկություն ունեցողները պետք է իրենց գործը շարունակեն և խաղաղությունը վերականգնեն»,- ասաց նա:
Նա համաձայնեց՝ ակնկալում են միջազգային հանրության ճիշտ արձագանքը Սիրիայի հիմնախնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ մեկ բան հստակ է՝ Սիրիայի ժողովրդի նախաձեռնողությունը խաղաղությունն է և երկիրը ամեն գնով՝ պաշտպանելն է:
«Սիրիայի ժողովուրդը հաստատում է իր պատրաստակամությունը՝ խաղաղություն հաստատել և կյանքը իր բնականոն հունով շարունակելը»,- նշեց նա:
Սոչիում կազմակերպված կոնգրեսից Ժիրայր Ռեիսյանն իր տպավորությունները ներկայացելիս, նշեց, որ իհարկե, բանակցային գործընթացում խնդիրներ, դժվարություններ կան, բայց այս դեպքում բոլոր կողմերին մեկ սրահի մեջ հավաքելն արդեն նախաքայլ է հաջորդ հանգրվանների համար: «Դա դրական հանգրվան է հաջորդ քայլերի համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս օրերին Սոչիում մեկնարկել էր Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը, որը նախաձեռնել էր Ռուսաստանի Դաշնությունը:







