ՀՅԴ-ի առաջարկած օրակարգի շուրջ միասնական դիրքորոշում չի ձեւավորվել

Բանակցությունների հաջորդ փուլին կարելի է անցնել այն բանից հետո, երբ կհայտարարվի, թե արդյոք քաղաքական խորհրդակցություններին մասնակցող քաղաքական ուժերը ընդունում են Դաշնակցության ներկայացրած օրակարգը:

Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ խորհրդակցություններին մասնակցող ուժերը ի վերջո նախագահական ընտրություններին մասնակցեն միասնական թեկնածուով:

Դաշնակցությունը այս ամսվա սկզբին հայտարարեց, որ սկսում է քաղաքական քննարկումներ անցկացնել կուսակցությունների, հասարակական լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ։ Քննարկումների ընթացքում դաշնակցականները ներկայացրեցին իրենց յոթ կետից բաղկացած օրակարգը, որում ներառել էին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու, տարբեր հանձնաժողովներում ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրելու եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Ռուստամյանի փոխանցմամբ` այնպես չէ, որ բոլոր հարցերը հարթ ընդունվել են. օրինակ, կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու Դաշնակցության սկզբունքային առաջարկին դեմ է ոչ միայն իշխող Հանրապետականը, այլ բանակցություններին մասնակցող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Իսկ եթե օրակարգային այս կարեւոր հարցը ընդունելի չէ ՀԱԿ-ի համար, ապա Արմեն Ոուստամյանի համոզմամբ` էական չէ, թե ով է լինելու այն անձը, որի թեկնածության շուրջ բանակցություններ կվարվեն:

«Անձերին բոլորս էլ լավ ճանաչում ենք, մոտավորապես ում մասին են ամեն մեկը մտածում, եւ առանձնապես որեւէ մեկի նկատմամբ չունի այնպիսի 100 տոկոսանոց երաշխիք, որ նա ոտքերն ամպոտ հրեշտակի նման կգա, կփրկի հայ ժողովրդին: Հենց այդ պատճառով է, որ մենք պետք է երաշխիքներ ստանանք կոնկրետ խնդիրներ, քայլեր կատարելու ժամանակացույցով, ծրագրով, հաստատ իմանանք, որ ընտրությունն ավարտվեց, եթե մեր թեկնածուն ընտրվեց, դրանից հետո ամեն օր ինչ պետք է սպասել, որ իրականացվի», – ասաց Ռուստամյանը:

Հարցին` եթե ՀԱԿ-ը չհամաձայնի խորհրդարանական համակարգին անցում կատարելուն, բացառվո՞ւմ է, որ Դաշնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած թեկնածուին սատարի, Ռուստամյանը պատասխանեց. – «Չեն համաձայնվում նաեւ իշխանությունները, տարբերությունը ո՞րն է: Ի՞նչ տարբերություն ո’վ չի համաձայնվում` իշխանությունները, թե՞ ընդդիմության մեջ եղած այս կամ այն քաղաքական ուժերը: Ովքեր չեն համաձայնվում, կասկած են առաջացնում, որ ուզում են օգտագործել նույն լծակները` պարզապես անունները փոխելով: Մարդկանց փոփոխություն տեղի ունենա, եւ հայ ժողովուրդը այդ ամեն ինչի մեջ որտե՞ղ է, անհասկանալի է»:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Տպել Տպել