Միասնական գնային քաղաքականությունը վառելիքի շուկայում փաստում է հակամրցակցային համաձայնության մասին

«Հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը շարունակում է մնալ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության կարևոր կետերից մեկը, այս ուղղությամբ կոնկրետ քայլեր արվել են և արվելու են, սակայն պետք է հասցեական քաղաքականություն իրականացնել, բացի մակրոքաղաքականությունից»։

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ իրենց մասնագիտական վերլուծություններով փորձում են հստակ ուղղություններով հստակ առաջարկություններ ներկայացնել, հաջողության և անհաջողության համար ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն պատասխանատվություն են կրելու։

Նա հիշեցրեց, որ ուսումնասիրություններ էին կատարվել կարագի շուկայում, այնուհետև վառելիքի գնաճը մեղմելու և հետագա գնաճը կանխելու համար։ Ըստ նրա՝ բենզինի, սեղմված գազի պարագայում ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը կարող էր ազդել գնագոյացման վրա, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում տարիներ շարունակ շուկայում տեղի ունեցող միասնական գնային քաղաքականությունը, ինչը կարող է փաստել հակամրցակցային համաձայնությունների և շուկայի բաժանման մասին։

«Դիզելային վառելիքի դեպքում մեր ուսումնասիրությունները պարզեցին՝ հաշվի չի առնվել ավելացված արժեքի հաշվանցման հնարավորությունը, ինչը, այլ հավասար պայմանների դեպքում, կարող է այս տնտեսվարող սուբյեկտներին ապահովել գերշահույթ»։

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ հակամրցակցային համաձայնությունները կարող են նաև հետագա գնաճի հանգեցնել, այնինչ՝ տնտեսությունը գնաճին դիմակայելու բարձիկներ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել Տպել