Տարածքային, ռեյտինգային ընտրակարգից պետք է հրաժարվել, այն արդար չէ

Տարածքային, ռեյտինգային ընտրակարգից պետք է հրաժարվել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Սա ռեյտինգ է տարածքների, ոչ թե անձանց, դրանից հրաժարվել է պետք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունն այսօր նման նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հրաժարվել գործող ընտրակարգից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք շատ վաղուց են այս դիրքորոշման, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը նոր է հանդես եկել այդ առաջարկով:

«Մենք այդ նախաձեռնությունն ունեցել ենք վաղուց, առաջ ընկնելու հարց չկա, մեզ համար կարևոր է, որ այս հարցը լուծվի: Իրենք առաջարկում են գնալ համամասնական փակ ցանկերով, այնինչ դա չէ միակ լուծումը: Գործող կարգը, այո, հակաժողովրդավարական է, բայց իրենց առաջարկը համարում ենք ոչ ամբողջական: Մենք ունենք այլ փաթեթ, որտեղ կան միջազգային կառույցների գնահատականները, այն ենթադրում է Ընտրական օրենսգրքի կատարելագործում»,- նշեց նա:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենք բանակցում են ՀՀԿ-ի հետ այդ փաթեթը առաջարկելու համար, որովհետև եթե մեծամասնությունը չհամաձայնի փոփոխություններ կատարել, այն չի ընդունվի:

«Ի՞նչ անենք, գանք ասենք՝ տեսեք մենք ինչ լավն էինք, առաջարկեցինք, նրանք ինչ վատն էին, չառաջարկեցի՞ն: Չէ, բանակցել է պետք, մենք ուզում ենք համաձայնեցված, ավելի լիարժեք փոփոխությունների փաթեթ ներկայացնել»,- հավելեց պատգամավորը:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ գործող ընտրակարգը կարելի է փոխարինել երկու համամասնական դասական տարբերակով. «Առաջինը՝ փակ ցանկերով քվեարկություն, երբ քաղաքացին ընտրում է իր համար նախընտրելի պատգամավորին, բայց հերթականությունը նախապես որոշել է կուսակցությունը և երկրորդ՝ բաց ցանկերով քվեարկություն, որը ներկայացվում է այբբենական կարգով, ընտրողն ընտրում է իր համար նախընտրելի թեկնածուին, ապա որոշվում է ռեյտինգներով, ընտրվում են նրանք, ովքեր ամենից շատ ձայներն են ստացել»:

Ներկայիս ընտրակարգը, նրանց խոսքով, արդար չէ:

Ռուստամյանն ասաց, որ ՀՀԿ-ն առայժմ համաձայն չէ իրենց դիրքորոշման հետ. «Կառավարման համակարգը փոխելու համար 25 տարի պայքարեցինք, վերջը հասանք, հանգիստ եղեք»:

Արմեն Ռուստամյանը պատասխանելով հարցին` կմիանա՞ն «Ելք»-ի` արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաքին, որ հարկային օրենսգրքում փոփոխություններ արվեն, պատասխանեց. «Կբերեն, կնայենք, կտեսնենք»:

Նա նաև նշեց, որ թանկացումների հետ կապված իրենց տեսակետներն ունեն: «Դրան եթե կհամապատասխանի, լավ, մենք որևէ բանին միանալու խնդիր չունենք, բայց դա պետք է քննարկվի, տեսնենք` ինչ են ասում»,- ասաց պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի` քննարկումների անհրաժեշտություն միշտ էլ կա, և դա երբեք էլ վնասակար չէ ու չի խանգարել որևէ գործընթացի:

Հարցին` իշխանությունները պատրա՞ստ են գնալ հարկային օրենսգրքում փոփոխությունների, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ ցանկացած տրամաբանական առաջարկ պարտադիր քննարկման առարկա պետք է դարձնել, և իշխանություններն էլ ականջալուր պետք է լինեն: Ուղղակի այդ ամենը պետք է համակողմանի ուսումնասիրվի: Այստեղ պետք չէ հարցը դնել` ընդդիմությունն է նախաձեռնել, թե` իշխանությունը: Այն, որ այսօր անհրաժեշտ է մեր հարկային դաշտը բարեփոխել, տնտեսության համար խթանող գործոններ սկսել, դրան պարտավոր է գնալ իշխանությունը, ընդդիմությունն էլ պետք է դրան նպաստի: Բազմակողմանի քննարկման միջոցով պետք է վերհանվեն նման հարցերը, թե չէ մեկ դետալի վրա կենտրոնանալը սխալ է, կոմպլեքս պետք է նայել հարցին»:

Ռուստամյանը չի կարծում, որ հարկային օրենսգիրքն այն ձևով, որ նրանք են ներկայացնում, ավելի վատացրել է վիճակը, և դա համապատասխանում է իրականությանը, որովհետև եթե հստակ քվոտաներով երբ դիտարկվում է, 279 հազար դրամ ստացողների վրա բացասական ազդեցություն չունի, և սա աշխատողների մոտ 90 տոկոսն է:

«Հարցեր կան, որ միակողմանի հայտարարություններով չէ, սա գիտության նման բան է, պետք է հաշվեն, տեսնեն: Միայն հարկային օրենսգրքի խնդիրը չէ, խոսքը գնում է աղքատության հարցին: Այդ առումով մենք հստակ ասել ենք, որ կա պարտավորություն` ապահովել ցանկացած քաղաքացու նվազագույն եկամուտը: Նվազագույն զամբյուղը պետությունը պարտավոր է ապահովել, այստեղ է խնդիրը»,- եզրափակեց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելու հարցում:

«Արմեն Սարգսյանն անձամբ դեռ պատասխան չի տվել՝ ընդունե՞լ է նախագահի թեկնածու դառնալու` ՀՀԿ առաջարկը, թե՞ ոչ, ուստի Դաշնակցությունն էլ դեռևս չունի որոշում: Քանի դեռ Արմեն Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք էլ վերջնական որոշում չունենք: Ամեն դեպքում` ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն բոլոր խնդիրները, որոնք մենք կարևորում ենք նոր Հայաստանի համար, համահունչ են Արմեն Սարգսյանի մոտեցումների հետ»,- նշեց Ռուստամյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ, ըստ էության, նախագահն այլևս շատ իրավունքներ չունի, և նախագահի ինստիտուտը ձևական է լինելու, պատգամավորն ասաց. «Մեզ օդ ու ջրի պես պետք է անաչառ և անկողմնակալ անձնավորություն, ով կլինի Սահմանադրության երաշխավորը, կհետևի, որօրենքներն ու որոշումները չհակասեն Սահմանադրությանը: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»։

Տպել Տպել