Մեր տեսակետից չենք հրաժարվի

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի տարաձայնությունները երկու կուսակցությունների հարաբերությունների վատացման չեն հանգեցնի:

«Այդպիսի բան գոյություն չունի, հարաբերությունների վատացման խնդիր գոյություն չունի, ամեն ինչ պետք է տեղի ունենա կարգավորված, մեխանիզմների մշակման դաշտում: Սրանք բոլորը նախատեսված են բուն կոալիցիոն հուշագրով, որից դուրս Դաշնակցությունը չի գործել: Մենք գործել ենք համաձայն այն պայմանավորվածությունների ինչ-որ կոալիցիոն հուշագրով նախատեսված են: Մենք այնտեղ շատ հստակ ասել ենք, որ այն հարցերը, որոնք համատեղ չենք քննարկում, չենք համաձայնեցնում, ամեն կողմն իրավունք ունի իր տեսակետը պաշտպանելու հրապարակային, մինչև այն պահը, որ դա դառնում է որոշում և պարտադիր է բոլորի համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ռուստամյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԸՕ-ի շուրջ եղած անհամաձայնությունների մեջ տարօրինակ բան չկա: «Որևէ անակնկալ մենք որևէ մեկին, այդ թվում` նաև ՀՀԿ-ին, չենք մատուցել: Այն մոտեցմանը, որը ես հրապարակել եմ, մեկնաբանելով մեր հայտարարությունը, վաղուց բոլորը ծանոթ էին, մենք թաքուն չենք արել դա»,- բացատրեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ կոնսենսուսի համար են կողմ եղել այս ԸՕ-ին և վերապահումով են ընդունել Ընտրական օրենսգիրքը, որում ամրագրված է ռեյտինգային այնպիսի համակարգ, որի վերաբերյալ դեռ ժամանակին ՀՅԴ-ն շատ հստակ ասել է` անընդունելի է:

«Մենք համամասնական դասական ձևերին ենք կողմնակից, և ցանկացած շեղում, նորարարություն միշտ պրոբլեմներ է առաջացնում: Տրամաբանությունն ասում էր, որ մեկ անգամ գոնե սա պետք է փորձել, որպեսզի տեսնենք` մենք ճի՞շտ էինք, թե՞ ոչ: Փորձարկումից հետո ավելի ենք համոզվել, որ մեր մոտեցումները շատ ճիշտ են եղել, և այն ռեյտինգային ձևը, որ Հայաստանում գործում է, շեղում է համամասնական ընտրակարգից»,- ընդգծեց դաշնակցականը:

Ռուստամյանը բացատրեց, որ պատրաստվում են իրականացնել կոալիցիոն հուշագրով նախատեսված բոլոր կետերը, այդ թվում` այն կետը, որտեղ ասվում է` Ընտրական օրենսգիրքը պետք է կատարելագործվի: «Կատարելագործումն արդեն ենթադրում է, որ այն, ինչ կա, մեզ չի բավարարում և չի բավարարում ոչ միայն մեզ, այլ նաև Հանրապետականին, այլապես այդ կոալիցիոն հուշագիրը չէր համաձայնեցնի այդ կետը: Ուրեմն ինքներս ընդունում ենք, որ այդտեղ անելիք կա: Նրանք մի ծավալի անելիք են այդտեղ պատկերացնում, մենք` այլ ծավալի: Բնական իրավիճակ է, որ մենք մեր բանակցություններով ու խորհրդակցություններով հանգենք ընդհանուր հայտարարի: Ցանկացած քայլ, որը կտանի դեպի կատարելագործում, մենք, բնականաբար, ընդունելու ենք: Ես չեմ բացառում, որ այս կարևորագույն հարցը տարաձայնություններ ձևավորող խնդիր կառաջացնի, բայց մենք մեր տեսակետից չենք պատրաստվում հրաժարվել, քանի այս համակարգը պահելու տրամաբանական պատասխան չենք ստացել»,- շեշտեց Ռուստամյանը:

Հարցին` հնարավո՞ր է դուրս գան կոալիցիայից, նա պատասխանեց. «Կոալիցիայից դուրս գալու խնդիր եթե լիներ, մենք չէինք էլ մտնի կոալիցիա: Պետք է նկատի ունենալ, որ այս տարաձայնությունը վաղուց կար, նախքան կոալիցիա ձևավորելը կար: Տարաձայնությունը չի եղել հիմնական անկյունաքարը, որի վրա կառուցվել է կոալիցիոն համագործակցությունը: Այս համագործակցությունը պետք է օգուտ տա մեր ժողովրդին, մեր երկրին, սրա համար ենք գնացել կոալիցիայի»:

Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության հետ այս հարցում համագործակցելուն` Ռուստամյանն ասաց, որ իրենց համար ընդունելի չէ այն մարտավարությունը, որ նրանք ուզում են շարունակել: «Այսինքն` տանենք, քվեարկենք, թող չընդունեն: Մենք այդպիսի մոտեցումը չենք համարում կառուցողական: Ենթադրենք` այդ երկու ամիսը հետաձգվել է, երկու ամսվա մեջ բերել են հանձնաժողով, և այն տվել է բացասական եզրակացություն: Ընթացքն ինչպիսի՞ն է. հետո գալու է ԱԺ, քվեարկվի և չմտնի օրակարգ, հետո՞, դրա հաճույքը ո՞րն է»,- նշեց նա, ապա ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ ձևն իրենց համար ընդունելի չէ:

«Մենք գնանք նրան, որ հաստատ գիտենք` չի ընդունվելու, այդ ճանապարհն ինչո՞ւ անցնենք, դրա իմաստը ո՞րն է: Մենք պետք է անենք մի բան, որը արժևորվի, կյանքի կոչվի: Ռեալ պոլիտիկս ասվածը դա է, որ դու կարողանաս քո ծրագրերն իրականացնել, ոչ թե ինքնանպատակ հայտարարել, այդ ծրագրերով հրապուրվել, այլ այդ ծրագրերը կյանքի կոչել, դա է արել Դաշնակցությունը մինչև հիմա»,- նշեց պատգամավորը, ապա հավելեց. «Մենք գիտենք, որ այս հարցը գլխավոր տարաձայնություններ առաջացնող հարցն է եղել, և մեզ համար ԸՕ փոխելը չի նշանակում` մենակ մի հարցով հրապարակ գալ: Պետք է փաթեթը ձևավորենք, որովհետև առաջացել է խնդիր, նոր ընտրություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքը քննարկվել է և գնահատվել միջազգային կառույցների կողմից, և կան առաջարկություններ` այդ կառույցներից բխած: Մենք այդ շտապողականությունը չենք հասկանում, ավելի լավ է դանդաղ գնանք, բայց տեղ հասնենք, այլ ոչ թե շտապենք ինչ-որ մի կրակոց, հրավառություն տալու համար, որի արդյունքը զրո է»:

yerkir.am

Տպել Տպել