Կոալիցիոն գործընկեր չի նշանակում բոլոր հարցերի վերաբերյալ նույն կարծիքն ունենալ

Կոալիցիոն գործընկեր դեռևս չի նշանակում բոլոր հարցերի վերաբերյալ նույն կարծիքն ունենալ: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից արված հայտարարությանը, թե պետք է վերանայել ռեյտինգային ընտրակարգը: Նա, թեև հարգանքով է վերաբերում ԱԺ բոլոր ուժերի կողմից ներկայացված ծրագրերին, միևնույն է, գտնում է, որ ռեյտինգային ցուցակներն իրենց արդարացրել են:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում և «Ելք»-ի, և «Ծառուկյան» դաշինքի, և մեր կոալիցիոն բարեկամ և գործընկեր ՀՅԴ-ի քաղաքական բոլոր կարծիքները, բայց կոնկրետ համամասնական բաց ցուցակների հետ կապված կարող ենք նշել, որ, այսպես ասած, տարածքային կամ ռեյտինգային ցուցակներն իրենց արդարացրել են: ՀՀԿ-ի նպատակն է ժողովրդավարական համամասնական ընտրություն իրականացնել, իսկ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունները բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից հայտարարվել են ժողովրդավարական»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

tert.am

Տպել Տպել