Արամ Մանուկյանի արձանի հարցը որոշվեց

Ձայների` 43 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում ընդունվեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրման որոշումը՝ ըստ Դավիթ Մինասյանի էսքիզի:

Խմբակցություններից «Երկիր ծիրանի»-ն հայտնեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Ելք» խմբակցությունը հայտնեց, որ դեմ է քվեարկելու՝ պատճառաբանելով, որ մրցույթն անցկացվել է անարդար, Դավիթ Մինասյանի էսքիզը ներկայացված չի եղել մրցույթին:

Ի պատասխան «Ելք»-ի մեղադրանքի, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հայտարարեց, որ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու համար մրցույթը երկու փուլ է ունեցել: Ըստ նրա` մրցույթի առաջին փուլում ներկայացված որևէ աշխատանք բարձր գնահատականի չի արժանացել, այդ պատճառով էլ երկրորդ փուլ է եղել:

«Մրցույթի երկրորդ փուլում հանձնաժողովի անդամ են եղել ոչ միայն մասնագետները, այլ նաև քաղաքական գործիչներ: Հանձնաժողովի 11 անդամներից 7-ը կողմ է քվեարկել ներկայացված աշխատանքին»,- ասաց փոխքաղաքապետը:

Պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Երևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում:

Տպել Տպել