Մինչև 2019 թվականը Արցախի հարցում լուրջ տեղաշարժեր չեն լինի

Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված զարգացումների բացակայությունը խիստ մտահոգիչ է: Փետրվարի 19-ին, «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե դրական միտումներ են առկա, սակայն հիմքեր չկան հավատալու դրան: Մենք պետք է լսենք Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնք չեն խոսում խնդրի կարգավորման պատրաստակամության մասին»,- ասաց դաշնակցական գործիչը:

Կիրո Մանոյանը չհամաձայնեց հաճախ հնչող այն տեսակետի հետ, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, այդ թվում՝ Երևանի մասին վերջին հայտարարությունը, զուտ ներքին սպառման համար են: «Միջազգային հանրությունը պետք է հստակ պատգամներ փոխանցի Ադրբեջանին և ասի, որ նման հայտարարություններն անընդունելի են»,- ասաց բանախոսը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ լայնածավալ պատերազմական գործողություններ վերսկսվեն, Մանոյանը պատասխանեց, որ մոտ ապագայում ապրիլյան պատերազմի կրկնություն չի կանխատեսում, սակայն հայկական կողմը զգոնությունը չպետք է կորցնի: Եթե, այնուամենայնիվ, մեծամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, հետևանքն իսկապես անկանխատեսելի կլինի:

«Խաղաղ կարգավորում կարող է լինել, եթե միջազգային հանրությունից ութ պետություն ճանաչի ԱՀ-ն այն չափով, որչափով Հայաստանն է ճանաչել: Դա կլինի Ադրբեջանի վրա լուրջ ճնշում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ դա կլինի Ադրբեջանի, թե աշխարհի կողմից ճանաչումով: Խաղաղ կարգավորումը չի նշանակում, որ պետք է տրվենք Ադրբեջանի կամքին, և երբ նա ցանկանա, խաղաղություն լինի, երբ չցանկանա՝ չլինի»,- ամփոփեց Մանոյանը՝ համոզմունք հայտնելով, որ մինչև 2019 թվականն Արցախի հարցում լուրջ տեղաշարժեր չեն լինի:

Արտաքին աշխարհում տեղի են ունենում զարգացումներ, որոնց վրա միշտ չէ, որ Հայաստանը հակակշիռ ունի, սակայն պետք է ուշադրությամբ հետևենք դրանց,- ասաց Կիրո Մանոյանը:

«Խոսքը նախ Սիրիայի մասին է: Սիրիայում ոչ թե Սիրիայի հարցերն են հետապնդվում, այլ կան այնպիսի ուժեր, որոնք իրենց հակամարտությունն ուղղակի տեղափոխել են այդ երկիր»,- համոզմունք հայտնեց նա:

Մյուս մտահոգիչ հարցը, ըստ Մանոյանի, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն է:

Անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահի ելույթին, որ անհրաժեշտության դեպքում պետք է բանակցության սեղանին դրվի հայ-թուրքական արդեն այլ փաստաթուղթ, ՀՅԴ գործիչը նշեց. «Երկրի ղեկավարի ասածի մեջ նորություն չկար»: Ըստ նրա, նախագահը հաստատեց, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար այլևս արժեք չունեն և մինչև գարուն դրանք առ ոչինչ կհայտարարվեն:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներին՝ Մանոյանը նկատեց, որ ՌԴ-ի նկատմամբ սանկցիաները երեբեք չեն հասնի այն մակարդակին, ինչ Իրանի նկատմամբ: Դրանք, դաշնակցական գործչի խոսքով, դժվար լինեն այն ծավալների, որ ինչ-որ կերպ խաթարեն ՀՀ անվտանգությունը:

ՀՅԴ գործիչը միաժամանակ շեշտեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը չի բխում ՀՀ շահերից:

Տպել Տպել