Չճանաչված լինելով հանդերձ Արցախի Հանրապետությունը գտնվում է շահեկան դիրքում

1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին, նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Հենց այդ օրը Երևանը սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության:

ՀՅԴ Արցախի Կառույցի ներկայացուցիչ, Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ պայմաններում և ինչ նպատակներով է ծնվել Արցախյան շարժումը:

«Պետք է ասեմ, որ Արցախյան շարժումը միանգամից ինքնաբուխ չծնվեց. այն ունի նախապատմություն` սկսած 1920-ական թվականներից, այն այսպես ասած նոր ալիք ստացավ 1960-ական թվականներին և 80-ական թվականներին 60-70 տարիների ընթացքում չմարված այդ կրակն էր, որ նորից բորբոքվեց»,- ասաց Իշխանյանը:

Նա նշեց, որ Արցախյան շարժումը մեր ազգային ազատագրական պայքարի մի բաղկացուցիչն էր, այն դարերի պայքար էր, որը պարզապես ծավալվեց մեր հայրենիքի այս հատվածում:

«Այն ուղղված էր խորհրդային Ադրբեջանին, խորհրդային տարիներին ծայր առած Ադրբեջանի կողմից ցուցաբերած բռնություններին, էթնիկ զտումների և նաև հայկական խավի աստիճանաբար Արցախից դուրս բերելու քաղաքականության դեմ: Պետք է նկատի առնել նաև, որ այդ շարժումը ծնվեց խորհրդային պետության մեջ ձևավորված նոր քաղաքական շարժառիթներով. գորբաչովյան ժամանակների «ժողովրդավարության», «հրապարակայնության» և «վերակառուցման քաղաքականության» արդյունքում այդ չմարված կրակը նորից բորբոքվեց: Հենց այդպիսի պայմաններում էլ Արցախի ժողովուրդը, «միամտորեն» հավատալով խորհրդային պետության ամբողջական էությանը և խորհրդային համակարգին, փորձեց քաղաքակիրթ մեթոդով և սահամանադրական իրավունքից օգտվելով, ԼՂԻմ-ը դուրս բերել խորհրդային Ադրբեջանից և այն միավորել խորհրդային Հայաստանին»,- հիշեցրեց նա:

Իշխանյանի խոսքով Արցախյան շարժումն իր մեջ պարունակում էր թե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, թե սահմանադրական իրավունքը և թե հայ ազգային ազատագրական պայքար: «Երբ այսօրվա տեսանկյունից մենք անդրադառնում ենք վերջին 30 տարիներին ծավալված իրադարձություններին, բնականաբար, այստեղ առկա է միջազգային այդ նորմը` ինքնորոշման բաղադրիչը: Սահամանադրության ընձեռած հենց այս հնարավորությունն (Արցախի դուրս բերումը խորհրդային Ադրբեջանից /խմբ/) իր մեջ նաև ինքնորոշման իրավունքի բաղադրիչն էր պարունակում, որին ապավինելով Արցախի ժողովուրդը և իշխանությունները փորձեցին այդ իրավական ձևակերպումն արձանագրել, որը շարունակությունն էր հենց այդ ինքնորոշման իրավունքի»,- բացատրեց նա:

Իշխանյանը շեշտեց, որ 1988 թվականին շարժման նպատակը եղել է Հայաստանին վերամիավորվելը: «Աշխարհում չկան երկրներ, որ կարողացել են անմիջապես ճանաչելի դառնալ պետությունների կողմից: Արցախի Հանրապետության պարագայում պետք է արձանագրել մեկ կարևոր փաստ` մենք փորձեցինք մայր հայրենիքին վերամիավորվելու գաղափարը իրականություն դարձնել, սակայն ստիպված էինք ժամանակավորապես այդ գերագույն նապատակին հասնելու համար որդեգրել այլ մարտավարություն` Անկախ Արցախի Հանրապետության հռչակումը և նրա միջազգային ճանաչմանն աստիճանաբար հասնելը: Բայց ի սկզբանե 1988 թվականին մեր առջև գերագույն նպատակ էր դրված Հայաստանին վերամիավորվելը»,- ասաց դաշնակցականը:

Նրա կարծիքով` այսօր չճանաչված լինելով հանդերձ Արցախի Հանրապետությունը գտնվում է բավականին հարմար և շահեկան դիրքերում: «Ունենալով ներքին կյանքում ժողովորդավարական սկզբունքների արմատավորման, ներքին կայքնում զարգացման լուրջ հեռանկարներ, տնտեսական բնագավառում տարեց տարի ցուցաբերելով նոր հաջողություններ, պետականաշինության գործընթացում արդեն իսկ կայացման այդ փուլն ացնելուց հետո, երբ կա ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ, Արցախի Հանրապետությունը լուրջ հայտ է ներկայացրել միջազգային հանրությանը ինքնուրույն, սուվերեն և անկախ պետության կարգավիճակը ամրագրելու տեսանկյունից»,-նկատեց նա:

Իշխանյանն ընդգծեց, որ ժողովրդավար Արցախը ոչ մի կապ չի կարող ունենալ բռնատիրական կարգեր ունեցող Ադրբեջանի հետ: «Ոչ միայն մեզ` հայերիս, այլ նաև համաշխարհային հանրության համար շատ պարզ տեսանելի է` ինչպիսի համակարգ է ձևավորվել Անկախ Արցախի Հանրապետությունում` այն է ժողովրդավար պետություն, և թե ինչպիսի համակարգ է տիրում հարևան Արդբեջանում: Այնտեղ տիրում է բռնատիրությունը, միջնադարյան համակարգը, ուր դեռևս հեռու են լիարժեք ժողովրդավարական պետություն ստեղծելու գաղափարից»,- եզրափակեց նա:

Տպել Տպել