Մեր հաղթանակների երգերը Մոսկվայում՝ ի նպաստ Սիրիայի հայությանը

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի «Սուրիկով-հոլլ» սրահում Գառնիկ Սարգսյանի կատարմամբ տեղի ունեցավ հայրենասիրական երգերի երեկո` «Մեր հաղթանակների երգերը» խորագրով:

Երեկոն նախաձեռնել էր «Համշեն» ընկերակցությունը` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակ) աջակցությամբ:

Բացելով երեկոն «Համշեն» ընկերակցության նախագահ Աշոտ Դուդուկչյանը հայտնեց, որ նախաձեռնությունն ուղղված է Սփյուռքում հայրենասիրական երգերի լեգենդար կատարողին ռուսահայությանը ներկայացնելուն և ձեռնարկի միջոցով սիրիահայությանը աջակցելուն:

Ներկաներին դիմեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ով շեշտեց, որ Գառնիկ Սարգսյանի արվեստը խորհրդանշում է հայկական հաղթական ընթացքը և ազգային-ազատագրական պայքարի փուլերի միասնությունը`ֆիդայական շարժումից մինչև Արցախյան ազատամարտ: Ըստ նրա, ներկայումս, երբ ռուսահայությունը ավելի ինքնակազմակերպվելու, իսկ Հայաստանը, ԼՂՀ-ն և հայկական բանակը մեզանից յուրաքանչյուրի հավելյալ նվիրումի կարիքն ունեն, նման բովանդակությամբ երեկոն առանձին իմաստ է հաղորդում այդ ընթացքին:

Երեք ժամ շարունակ Գառնիկ Սարգսյանը իրեն նվագակցող խմբի հետ միասին ներկայացրեց մոտ չորս տասնյակ ստեղծագործություններ, որոնք գովերգում են հայ մարտիկի անձնազոհությունը, քաջությունը և հաղթական երթը: «Մենք անկեղծ զինվոր ենք», «Գինի լից», «Զգույշ խոսիր Հայաստանում», «Հրամանատար Քեռի», «Լիզբոնի հինգը», «Իմ անուշ մայրիկ», «Հայոց մարտիկներ», «Ելե’ք հայեր պայքարի», «Գետաշեն», «Գարեգին Նժդեհի հիշատակին» և այլ երգերի ինքնատիպ կատարումը ոգևորություն առաջացրեց դահլիճում: Որոշ ստեղծագործություններ կատարելուց առաջ հայտնի կատարողը մեկնաբանում էր, թե որ հերոսին կամ պատմական դեպքին է նվիրված երգը: Իսկ դիմելով երեկոյին ներկա մոտ հազար հայրենակիցներին, Գառնիկ Սարգսյանը նշեց, որ քառասուն տարվա ընթացքում ինքը եղել է հայկական Սփյուռքի համարյա բոլոր կազմակերպված համայնքներում, բայց ծանոթ չէ ռուսահայ համայնքին, ուստի այս երեկոն փոխադարձ ճանաչողություն է հանդիսանում: Նա հավելեց, որ ռուսահայության հրավերը և դահլիճի արձագանքը իրեն էլ են ոգևորում:

Երեկոյին ու Գառնիկ Սարգսյանին իր զորակցությունը հայտնեց հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն` ազգային-հեղափոխական երգացանկից կատարելով մեկ ստեղծագործություն: Դիմելով դահլիճին նա նշեց, որ Սփյուռքում սերունդներ են դաստիարակվել Գառնիկ Սարգսյանի ոգեշունչ երգարվեստով ու դա օգնել է դժվարությունների հաղթահարմանը:

Դուդուկի կատարումով հանդես եկավ նաև երիտասարդ Արամ Ավեդիկյանը` Աբխազիայից:

Մոսկվայի հայութունը մեծ խանդավառությամբ ընդունեց Գառնիկ Սարգսյանի կատարումները, իսկ ողջ երեկոյի ընթացքում դահլիճում ներկա հայ երիտասարդությունը երգչի կատարումը ուղեկցվում էր հայկական խրոխտ պարերով:

Երեկոյի հասույթը տրամադրվելու է Սիրիայի հայությանը աջակցող հիմնադրամներին:

Տպել Տպել