Վտանգի գլխավոր աղբյուրն Արդբեջանն է

«Հայաստանը կդիտվի որպես հակամարտող կողմ, թե Արցախին զորակցող կողմ՝ ասվածի մեջ սխալ բան չկա, որովհետև, եթե Ադրբեջանն Արցախի վրա հարձակում կատարի, ապա Հայաստանն է, որ ներքաշվելու է այդ կռվի մեջ, իսկ եթե Դենիել Քոութսը այլ բան ասած լիներ, ապա նշանակում է, որ նա պետք է ճանաչած լիներ Արցախն որպես ինքնուրույն միավոր, ըստ այդմ էլ կարծում եմ, որ անմիջական հասցեատեր դարձրել է Հայաստանին․ ընդհանուր առմամբ՝ խնդիրն, իհարկե, մտահոգիչ է և այն, որ տարածաշրջանը կարող է ապակայունանալ՝ դա էլ է փաստ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի հրապարակած զեկույցի այն հատվածը, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես Արցախին զորակցող, այլ Ադրբեջանի հետ հակամարտող կողմ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակել է «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցը, որտեղ Քոութսն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու տարածաշրջանային սպառնալիքներին:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսաստանն իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»,- մասնավորապես նշված է ԱՄՆ հետախուզության զեկույցում:

Այս համատեքստում Կիրո Մանոյանը մեծ բացթողում համարեց այն, որ զեկույցում չի խոսվում այն մասին, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնողը Ադրբեջանն է։

«Ճիշտ կլիներ, եթե ասվեր, որ իրավիճակի ապակայունացման նախաձեռնողը եղել է և կլինի Ադրբեջանը։ Եթե այս զեկույցում չեն հայտարարում այս վտանգի մասին, կարծում եմ, որ շատ կարևոր է այն, որ գոնե հասկանում են դա և մյուս կողմից էլ ՝ այն կարծիքին չեմ, որ ԱՄՆ-ում իրենց բոլոր իմացածները զեկույցներում ներկայացնում են։ Այս վտանգի գլխավոր աղբյուրը Արդբեջանն է՝ անկախ այն հանգամանքից զեկույցում կգրեն այդ մասին, թե ոչ, և սա գիտակցում են ԱՄՆ-ում և եթե այս առումով նաև քայլեր ձեռնարկվեն, ապա դա կնպաստի, որպեսզի տարածաշրջանում կայունություն պահպանվի, այլապես իսկապես անհակակակշռելի իրավիճակներ կարող են ստեղծվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել Տպել