Տնտեսական խնդիրների պատճառով հայերը լքում են Իրանը

Պանթյուրքիզմի պրոպագանդան հակաիրանական է, և պետությունը, պարսկական դիվանագիտությանը բնորոշ, շատ զուսպ ու լռակյաց, լուծում է խնդիրները: Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ էլ Իրանը արտաքուստ չեզոք քաղաքականություն է վարում:

Tert.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումը համահունչ է Հայաստանի ցանկություններին, բայց արտաքուստ չեզոք դիրքորոշում են հայտնում, որ չբորբոքեն 30 միլիոնանոց թրքախոս զանգվածի կրքերը: Այս քաղաքականության շնորհիվ էլ, նրա խոսքով, Իրանում անջատողականություն չկա:

– Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, երբ հակակառավարական բողոքի ցույցեր անցկացվեցին, ինչպիսի՞ քաղաքականություն են վարում տեղի լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Ալիքը»: Արդյոք կա՞ն աշխատաոճի փոփոխություններ:

– Մենք թևակոխել ենք «Ալիքի» 87-րդ տարին: Առանց դադարի 87 տարի է, ինչ աշխատում ենք: Իրանի հայ համայնքում, գիտեք, որ «Ալիքը» միակ օրաթերթն է: Մենք պետական օրաթերթ ենք, ոչ իշխանական, որովհետև իշխանությունները կարող են փոխվել: Վերջին 40 տարում՝ իսլամական հեղափոխությունից հետո, ճաշակել ենք տարբեր տեսակի իշխանություններ: Առնչվել ենք աջ, ձախ, կենտրոն, բարեկարգչական, արմատական, պահպանողական կառավարությունների հետ: Բոլոր փուլերում մենք աշխատել ենք բալանսավորված, կարողացել ենք լինել հավասարակշռված:

Վերջին իրադարձություններից հետո ժողովրդի մեծամասնության քվեով ընտրված իշխանությունները ունեցան տնտեսական դժվարություններ: Գործազրկության, աղքատության տոկոսային աճը ստիպեց հանրությանը դուրս գալ փողոց: Սոցիալական պայմանների խեղդող հանգամանքները բնակչությանը դուրս հանեցին: Դա եղավ ինքնաբուխ: Չկային կուսակցություններ, լրատվամիջոցներ, որոնք առաջնորդում էին մարդկանց: Մարդիկ ինքնաբուխ դուրս եկան: Անախորժություններ եղան երկու կողմից էլ, ձերբակալություններ եղան, ծեծ ու ջարդ: Հարյուրավոր բանտարկյալները շուտով ազատ արձակվեցին: Նրանց մեծ մասը ուսանողներ էին: Մեկ հայ ուսանող ձերբակալվեց: Բայց որպես հայ նրան շատ արագ, 10 օրում ազատեցին: Նրա նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չցուցաբերվեց:

Դժգոհությունը՝ սոցիալական վիճակն էր, աշխատատեղերի բացակայությունը, գործազրկությունը, որոնց պատճառով մարդիկ ծանր բեռի տակ են: Բարեբախտաբար, իշխանությունները հայտարարեցին, որ ուզում են բավարարել ցուցարարների պահանջները, ինչի արդյունքում խորհրդարանը զսպեց իրանական Նոր տարվան ընդառաջ տեղի ունենալիք ապրանքների, մթերքների թանկացումը: Նման քայլերով իշխանությունը մեղմեց ներքաղաքական անհանգիստ վիճակը:

– Իրանում ապրող հայերն էլ ունեն նույն տնտեսական խնդիրները, որոնք ունեն իրանցիները: Ինչո՞ւ էին հայերը պասիվ մասնակցում այդ ցույցերին:

– Այո, տնտեսական խնդիրները ուղիղ ազդում են նաև հայ համայնքի վրա: Սա համերկրային խնդիր էր, համերկրային դժգոհության ալիք էր: Մենք էլ մեր դժգոհությունները արտահայտել ենք, փորձել ենք բարձրաձայնել մեր տեսակետը Իրանի խորհրդարանում ներկայացված մեր պատգամավորների միջոցով, «Ալիքի» միջոցով: Շուրջ 6 տարի է, ինչ «Ալիքը» ունի պարսկերենով հավելված և այն հեշտացնում է մեր տեսակետի ներկայացումը տեղի իշխանություններին: Տնտեսական խնդիրների պատճառով հայերը լքում են Իրանը: Երիտասարդները ապագայի հեռանկարներ չունեն: Հիմնականում Ավստրիայով ԱՄՆ են մեկնում: Հազարավոր հայեր մեկնեցին ոչ միայն աշխատելու նպատակով, այլև որպես փախստականներ: Դ. Թրամփի քաղաքականության արդյունքում հիմա չեն կարողանում մեկնել, շատերը վիզա ստանալու են սպասում, բայց սա չի նշանակում, որ մեկնել ցանկացողներ չկան:

Կենցաղային խնդիրներ էլ կան, որոնց պատճառով երիտասարդ հայերը չեն ուզում մնալ Իրանում: Չադրայի նկատմամբ զգայունություն ունեն, կրոնական խնդիրների նկատմամբ: Շփվելով աշխարհի հետ` իրանահայ երիտասարդները տեսնում են, որ իրենց համադասարանցիները ԱՄՆ-ում օրինակ ավելի ազատ են ապրում, իրենց ապրելակերպը չեն սահմանափակում: Դրա համար էլ ձգտում են դուրս: Ամեն դեպքում մեր համայնքը կենսունակ է, կան հայկական դպրոցներ, մշակութային օջախներ և այլն:

– Պարո՛ն Մելիքյան, «Ալիքը» միայն տեղի հայերի խնդիրների լուծմանն է աջակցո՞ւմ, թե փորձ է արվում ազդել Իրանի իշխանությունների վարած քաղաքականության վրա:

– Իրանում հայ համայնքը զգայուն է համազգային խնդիրների նկատմամբ: Հայերը ներգրավված են համազգային խնդիրների լուծման մեջ: Մասնավորապես Իրանի արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ մենք մեր տեսակետը հայտնում ենք: Եթե որպես օրաթերթ մենք զգում ենք, որ որևէ հարցի շուրջ պետք է հայտնենք մեր տեսակետը, բարձրաձայնում ենք այն: Իրանը՝ որպես 80 միլիոն բնակչություն ունեցող երկիր, 25-ից 30 միլիոն թրքախոս հատված ունի: Փորձ է արվում պանթյուրքիստական նկրտումների պրոպագանդա իրականացնել և մենք փորձում ենք բարձրաձայնել, որ այս խնդիրը՝ նշելով, որ այն ոչ միայն վտանգավոր է հայ համայնքի, այլև՝ հենց Իրանի համար:

Պանթյուրքիզմի պրոպագանդան հակաիրանական է նաև, և պետությունը՝ հատուկ պարսկական դիվանագիտությանը, շատ զուսպ ու լռակյաց կերպով, լուծում է խնդիրները: Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ էլ Իրանը արտաքուստ չեզոք քաղաքականություն է վարում: Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումը համահունչ է Հայաստանի ցանկություններին, բայց արտաքուստ չեզոք դիրքորոշում են հայտնում, որ չբորբոքեն 30 միլիոնանոց թրքախոս զանգվածի կրքերը: Այս քաղաքականության շնորհիվ է, որ Իրանում անջատողականություն չկա:

– Ի՞նչ դժվարությունների է բախվում «Ալիքը»: Կա՞ գրաքննություն, ինքնագրաքննություն:

– Հիմնական խնդիրը ֆինանսական, նյութական խնդիրներ են: Ինչպես Իրանի մյուս բոլոր թերթերը, այնպես էլ «Ալիքը», տնտեսական խնդրի առջև են կանգնած: Վերջերս 2 թերթ փակվեց հենց այս պատճառով: Մենք դժվարանում ենք նաև թերթի աշխատանքներում երիտասարդներ ներգրավվել, որի պատճառը հենց ֆինանսական խնդիրներն են: Բաց մտքով, համարձակ քայլերի ունակ երիտասարդները ակնկալում են ավելի մեծ վարձատրություն, բայց, ցավոք, մեր բյուջեն թույլ չի տալիս բարձր վարձատրել:

Իսկ գրաքննության առումով կարող եմ ասել, որ մենք վերահսկվում ենք նույն չափով, ինչ Իրանի մյուս լրատվամիջոցները: Իրանի իշխանությունները որոշ հարցերում կարմիր գծեր ունեն, որը վերագրվում է ազգային, պետական անվտանգության պահպանմանը: Այդ պատճառաբանությունը լրագրողական շրջանակները գնահատում են որպես պատրվակ: Նախկինում շատ էր լրագրողի ձեռքերը բռնելու, բերանը փակելու կեցվածքը: Իշխանությունները չէին հանդուրժում նույնիսկ մեկ ընդդիմախոսի հոդված, միտք, բայց ներկայումս նման բան չկա: Ազատությունը մեծացել է, ազատ խոսքի արտահայտման ծավալը մեծացել է: Բայց, ինչ խոսք, կան այդ կարմիր գծերը:

Տպել Տպել