Աֆրին-Ղութա ռազմական առեւտրի երաշխիքները

Աֆրինի գրավումը Թուրքիայի կողմից. մեկնաբանում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

«Սիրիական Աֆրինի գրավումը թուրքական ուժերի կողմից ընթացավ միաժամանակ սիրիական կառավարական ուժերի կողմից Ղութան վերահսկողության տակ առնելու ռազմական գործողություններին: Միաժամանակյա եւ զուգահեռ ընթացող այս ռազմական գործողությունների երեւույթը մտաբերել կտա երկուստեք այս տարածքների վրա վերահսկողություն իրականցնելու ռուս-թուրքական չհայտարարված համաձայնության մասին:

Աֆրինը թուրքերին, Ղութան ռուսներին բանաձեւը առարկայացել է հայտնապես: Ըստ երեւույթին սակայն միայն ռուսները չէ, որ դեպի Աֆրին թուրքական ներխուժման կանաչ լույսը էին տվել: Այդ տարածքների վրա իրանյան ռազմական գործոնը եւս բացի հայտարարություններ կատարելուց, լուրջ արգելակիչ ազդեցություն չի ունեցել թուրքական հառաջքխաղացքին դիմաց:

Խաբուսիկ այն տպավորությունը կարող է ստեղծվել, որ թուրքական զինուժը օգտվել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների մթնլորտից, միեւնույն օրը Աֆրինը ամբողջովին վերահսկողության տակ առնելու նպատակով սկսված գործողություններին թափ տալու եւ այն քրդական ուժերից մաքրելու: Երեւույթը ավելիով կապվում է Ղութա Աֆրինի դիմաց ռազմաքաղաքական առեւտրի հետ: Թանկ գնով առեւտուրները երաշխիքներ են պահանջում եւ այս դեպքում երաշխիքը գործողությունների միաժամանակյա ընթացքն է:

Խնդիրը հիմա այն է, որ թուրքերը հայտարարում են, որ պիտի շարունակեն իրենց զորքերի հառաջխաղացքը. այստեղ երեւութապես կա բախում թուրքական եւ ամերիկյան շահերի միջեւ: Ամերիկյան զինվորական հենակետեր գործում են Մինբաժում, որ ըստ էության Թուրքիայի հաջորդ թիրախն է: Անվտանգության գոտիներ ստեղծելու թուրքական ռազմական ծրագրերի իրականացման հաջորդ փուլը անորոշ է: Ի տարբերություն Աֆրինի, Մինբաժի դեպքում ռուսական համաձայնության նշանակությունը այստեղ չի կարող աշխատել»։

«Նոյյան Տապան»

nt.am

Տպել Տպել