Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ հաղթել է 3 հայազգի թեկնածու

Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ պայքարին մասնակցած 13 հայ թեկնածուներից 3-ն է անցել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

«Այս ընտրություններում հայ համայնքը 25 տոկոս հաջողություն ունի»,- ասաց նա:

Նրա պարզաբանմամբ՝ Նիդերլանդների տեղական իշխանություններն իրականացնում են մեծ թվով քաղաքների և բնակավայրերի կառավարման բարդ աշխատանքը. իրականում դրանք մեծ քաղաքականության հետ շատ կապ չունեն և վերաբերում են տվյալ բնակավայրի տարածքի կյանքին և բազմաթիվ հարցերին, որոնք առնչվում են քաղաքացիների ամենօրյա կյանքի բոլոր բնագավառներին։

«Այդուհանդերձ, քանի որ Նիդերլանդներն իրավմամբ օրինական և ժողովրդավարական երկիր է, ապա քաղաքականության ցանկացած ոլորտ ունի իր մեծ նշանակությունը։ Հայության համար շատ կարևոր է ավագանիներում պատգամավորներ ունենալը։ Դա առաջին հերթին վկայում է տվյալ ազգային փոքրամասնության ինտեգրման մասին և ընդհանրապես քաղաքացիական հասարակության ընկալման լավ ցուցանիշ է»,- ասաց նա:

Մասիս Աբրահամյանի բնորոշմամբ՝ քաղաքացիներն ընդհանուր առմամբ լավ պաշտպանված են Նիդերլանդներում, և չնայած հայ ազգաբնակչությունն իր իրավունքները պաշտպանելու համար ազգությամբ հայ պատգամավորների կարիք չունի, այնուամենայնիվ տեղական մակարդակներում էլ ներկայացուցիչներ ունենալը նպաստավոր է որոշ առումով համազգային խնդիրներ լուծելու համար։

«Դրանից բացի տեղական ընտրությունները կարևոր հարթակ են աճելու և համերկրային քաղաքականությանը մասնակցելու համար։ Այնպես որ, հուսալ, որ մոտ ապագայում Նիդերլանդների խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կունենանք, շատ իրատեսական կանխատեսում է»,- ասաց նա:

Տպել Տպել