Հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 21-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքին և արտաքին ճակատների վրա առկա մարտահրավերները, արձանագրում է.

Սահմանադրական փոփոխություններից բխող պետական կառավարման համակարգի փոփոխությունները և համապատասխան օրենսդրական կարգավորումները անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծել մեր պետականության կայուն զարգացման համար։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է մնալ հիմնական օրակարգ և թելադրում է առաջնահերթ ռազմավարությունները պետական և հանրային կյանքի տարբեր ասպարեզներում։

ԵԱՏՄ և ԵՄ հետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ բարենպաստ միջավայր է ստեղծվել բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու, քաղաքական և տնտեսական բարեփոխումները արդյունավորելու համար։

Առ այդ, առաջիկա երկամյա ժամանակաշրջանի համար ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը առաջնահերթ է համարում.

– իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգի ձևավորումը,

– կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ձևավորումը, սոցիալական արդարության սկզբունքների պահպանման գործում պետության առաջնային դերակատարության ստանձնումը և նոր աշխատատեղերի ու եկամտաստեղծ գործունեության խթանումը,

– հանրային կյանքի բոլոր ոլորտներում համակարգային և որակական փոփոխությունների իրականացումը, իշխանության մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը, հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվացումը,

– հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության հիմքերի ստեղծումը,

– երկրի առաջանցիկ զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը և դրանից բխող ծրագրերի իրագործումը,

– «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջական գործադրման և ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման նախադրյալների ստեղծմանն աջակցումը,

– ակտիվ ժողովրդագրական քաղաքականության իրականացման ուղղությամբ թիրախավորված ու գործուն քայլերի ձեռնարկումը և արտագաղթի կասեցումը։

Մեկնելով այս հաստատումներից և առաջնահերթություններից՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի շեմին ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վերահաստատում է իր կամքն ու վճռականությունը հետևողական և ամենօրյա աշխատանքով նպաստելու մեր պետականության հետագա զարգացմանը, մեր ժողովրդի անվտանգ և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովմանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով
Մարտ 25, 2018 թ.

Տպել Տպել