Որևէ երկրում նման գործողությունները օրինական չեն համարվում

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հեշտությամբ է հասել աշխատավայր, թեև Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար է եղած:

«Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատելու: Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում է»,- ասաց նա:

Ռուստամյանը նաև ընդգծեց, որ իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության, և կոչ արեց ոստիկանությանը` զուսպ լինել։

«Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, դրանք, ի վերջո, բացվել են: Հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողություններ են, որոնք հանգեցնելու են համապատասխան արձագանքի իշխանության կողմից»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ որևէ երկրում նման գործողությունները օրինական չեն համարվում: «Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է մտնել` ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թույլատրված, ոչ մի կոնվենցիայով նման բան թույլատրված չէ»,- ասաց Ռուստամյանը:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, ինչը միշտ վատ հետևանքների է հանգեցնում:

Արմեն Ռուստամյանը քիչ հավանական է համարում, որ խորհրդարանի վաղվա նիստը, որի ընթացքում պիտի քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը, արտագնա լինի. «Դա պիտի Ազգային ժողովի որոշմամբ տեղի ունենա, և ես այդպիսի որոշման նախագծից տեղյակ չեմ, դրա համար Ազգային ժողովը պետք է հավաքվի, որ որոշում կայացնի: Չեմ կարծում, որ տեղը կփոխվի, Ազգային ժողովն իր տեղում է, ոչինչ չի կարող խոչընդոտել այդ նիստի գումարմանը»,- ասաց Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասնակիցները հայտարարել են, որ վաղը շրջափակելու են խորհրդարանի շենքը և թույլ չեն տալու պատգամավորներին` գնալ քվեարկության:

«Գրեթե անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա, տեղի է ունենալու` մեր մասնակցությամբ: Կգա ժամանակը, կտեսնեք` այն քայլերը, որոնք ուղղված են հակաօրինական բան պահանջելուն, այդ պահանջողներն են հայտնվում խոցելի վիճակում: Եթե այդպես էր, թող Ազգային ժողովը շրջափակեին առաջին նիստի օրը: Ազգային ժողովը եթե լեգիտիմ է, պատգամավորներն էլ պիտի իրենց իրավունքը կատարեն»,- ասաց նա:

Դիտարկմանը` ժողովուրդը պահանջում է, որ մանդատները վայր դնեն, Արմեն Ռուստամյանն արձագանքեց` 3 հոգի հավաքվում են, ասում են՝ ժողովուրդ: «Այս բառը հերիք է` շատ հեշտ ու հանգիստ օգտագործեն: Ամեն մեկն իր կամքը դնում է ժողովրդի վրա ու պահանջում, որ իմ կամքն ընդունեն` որպես ժողովրդի ասած: Եթե այդպիսի մարդիկ գան իշխանության, ավելի վտանգավոր կլինի, քանի որ նրանք արդեն ուզուրպացնում են իշխանությունը: Այդ ո՞նց որոշեցիք, որ ժողովուրդը իշխանությունը տվել է ձեզ»,- ասաց պատգամավորը:

Հարցին` եթե, այնուամենայնիվ, շրջափակեն ԱԺ շենքը, ի՞նչ է անելու, պատասխանեց. «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի խոչընդոտները հաղթահարեմ: Եթե իմ դեմ դուրս գան անօրինական մեթոդներով, ես ունեմ իմ օրինական իրավունքները, որոնք պիտի պաշտպանեմ: Դա պիտի անի, իհարկե, ոստիկանությունը: Եթե, օրինակ, մեկը գա, փողոցում ձեզ ապտակի, ի՞նչ պիտի անեք: Ես ենթադրում եմ, որ առնվազն կապտակեմ, ու կստացվի` ե՞ս եմ ապտակել, ո’չ, նա է ապտակել, պատասխանը ստացել է` ապտակին՝ ապտակ, բռունցքին՝ բռունցք: Բա ես պիտի սուս կանգնե՞մ, ինձ գան, քաշքշե՞ն, ասեն՝ մի’ մտի՞: Ես կգտնեմ իմ արձագանքը»:

Հարցին՝ անկախ նրանից, թե ո՞վ կլինի կանգնած իր դիմաց, նույնիսկ` պատգամավո՞ր, Ռուստամյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի՝ ով է դիմացս, դա իմ իրավունքն է, ձեր իրավունքն էլ է: Ձեզ էլ եմ կոչ անում՝ թույլ մի’ տվեք, որ որևէ մեկը ձեզ հանիրավի վիրավորի»:

Նա նաև հավելեց, որ ԱԺ-ում են հատուկ նիստը գումարելու, որովհետև, ի վերջո, վարչապետը ծնվում է ԱԺ-ից: Ինչ վերաբերում է ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելուն, ապա պատգամավորն ասաց, որ դա գաղտնի չի արվել, արդեն իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ գործադիր մարմինը խորհրդին առաջադրելու էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել. «Մենք խոսում էինք ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության մասին: Մենք 3 տարի այդ մասին ասել ենք, ասել ենք, որ մեր գործողություններն անձերով չենք պայմանավորում: Մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել»,- ասաց նա:

Ռուստամյանը պնդեց, որ վարչապետը նույն լիազորությունները չունի: «Ոչ, վարչապետը չունի այն լիազորությունները, որ ուներ նախագահը: Դրանք սար ու ձորի նման տարբերվում են»,- նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ ամեն կես տարին մեկ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել վարչապետին: «1/3-ը կարող է անվստահություն հայտնել վարչապետին, իսկ այսօր ընդդիմությունն այդքան է»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ իրենք էլ Սերժ Սարգսյանից ակնկալում են, որ բարեփոխումների գործընթացը, որ ստանձնել է, ավարտին հասցնի: «Սերժ Սարգսյանն էլ պիտի ապացուցի, որ այս փոփոխությունները ժողովրդի համար էին: Ամենավատ տարբերակում էլ մեր երկիրը գնալու է շատ ավելի հավասարակշռված իշխանություն ունենալու ճանապարհով: Հիմնական սպառնալիքը, որ տեսնում ենք, որ հետ չտանեն նորից նախագահական ճանապարհով»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է իրենց նախարարական պորտֆելներին, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ երևի թե առանձնապես փոփոխություններ չեն լինի: «Բայց հետագայում չեմ բացառում, որ կառավարության մեջ փոփոխություններ տեղի ունենան, որովհետև այսօր անհատական կառավարման խնդիրներն են նաև կարևորվում, որ կոնկրետ նախարարներ պետք է պատասխան տան իրենց ոլորտների ձեռքբերումների համար»,- նշեց Ռուստամյանը:

Տպել Տպել