ՀՀ սահմանների ուղղությամբ կրակելը կրակի հետ խաղ անել է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը թեև հիմք չի տեսնում, որ Ադրբեջանը Նախիջևանի կողմից ռազմական գործողությունների կգնա, բայց կարծում է, որ ամեն ինչին միշտ պետք է պատրաստ լինել:

«Նախիջևանի կողմից Ադրբեջանի ռազմական գործողություններն այլ նշանակություն ունեն, քան Արցախի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները: Նկատի ունեմ, որ Նախիջևանի կողմից կատարվածն ուղղակի անառարկելիորեն Հայաստանի վրա հարձակում է, ինչը նշանակում է, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական գործընկերները և առաջին հերթին՝ Ռուսաստանը, պարտավորություններ ունեն անմիջապես գործադրելու, իսկ Արցախի դեպքում կարող են առարկել, թե դա Հայաստանը չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Կիրո Մանոյանը նվազ հավանական համարեց, որ Ադրբեջանը Նախիջևանի կողմից ինչ-որ բան ձեռնարկի: Ինչ վերաբերում է ամեն դեպքում հնչող կրակոցներին և ՀԱՊԿ-ի արձագանքին, Կիրո Մանոյանն ասաց.

«ՀԱՊԿ-ը միշտ կարող է ասել, որ պետք է դիմումը ստանանք, բայց ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է հասկանան, որ սա Ադրբեջանի կողմից կրակի հետ խաղալ է, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենա: Դրա համար ՀԱՊԿ անդամակցությամբ երկրներն իրենց պարտավորությունը պետք է կատարեն և զգուշացնեն Ադրբեջանին»:

Ըստ Մանոյանի՝ այս դեպքում Ռուսաստանին երկակի խաղի տեղ չի մնում: «Եթե Արցախի դեպքում 2016 թվականի ապրիլին Ռուսաստանը ինչ-որ նարնջագույն, կանաչ լույս էր վառել Ադրբեջանի առաջ՝ մի քանի օր բլից-գործողություն անելու իմաստով, հիմա արդեն անառարկելիորեն խնդիրը Հայաստանի հետ է կապված, և բարձրանում է Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամների պարտավորությունների խնդիրը: Չեմ կարծում, որ Ռուսաստանն այս դեպքում երկակի խաղ խաղալու հնարավորություն ունի»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նկատեց, որ բացի Նախիջևանի ուղղությունից, կրակոցները լինում են հյուսիս-արևելյան շրջանի վրա, ինչը Հայաստանը պետք է ՀԱՊԿ անդամ պետությունների ուշադրությանը հանձնի, որ չթողնեն, որ իրավիճակը անհակակշռելի դառնա, և ստիպված ավելի ակտիվ մաս կազմեն Հայաստանի պաշտպանությանը:

«Ցանկալի է, որ այդ երկրները, որոնք տարբեր դեպքերում Ադրբեջանի շահերն են պաշտպանել, իրենք հասկացնեն Ադրբեջանի ղեկավարությանը, որ նման գործողությունները վնաս են նախ և առաջ Ադրբեջանին»,- ասաց նա և նշեց, որ ոչ թե պետք է դիմել ՀԱՊԿ-ին, որ մարդ ուղարկի, որ Նախիջևանից չկրակեն կամ Տավուշի գյուղերի վրա չկրակեն:

«ՀԱՊԿ անդամներին պետք է հիշեցնել, որ նման դեպքում իրավիճակը կարող է այնպիսին լինել, որ հանկարծ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները կատարելու համար զինված բախումների գնա Ադրեբջանին դեմ. որպեսզի հարցը դրան չհասնի, նախընտրելի է, որ Ադրբեջանին հիմա հասկացվի, որ իրեն խելոք պահի»,- ասաց նա և նշեց, որ պարտադիր չէ, որ այդ հասկանցելը լինի հրապարակային հայտարարություններով:

«Հայաստանը դիվանագիտորեն պետք է հասկացնի ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետություններին, որ անհրաժեշտ է նման քայլերի դիմել, և պարտադիր չէ՝ այդ պետությունները հրապարակային հայտարարություներով դա անեն: Ոչ մեկը չի ասում՝ մենք քնենք, ՀԱՊԿ-ը գա մեզ պաշտպանի, ՀԱՊԿ-ը պարտավորություններ ունի, և դրանք պետք է հիշեցնել, քանի վիճակն ավելի չի վատացել»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նշեց, որ ենթադրում էր, թե Ադրբեջանում իրենց «չընտրությունների» արդյունքում ստեղծված դժգոհությունը մարելու միջոց հնարավոր է լինի Արցախում ռազմական գործողություններ սկսելը և ժողովրդի ուշադրությունը շեղելը:

«Այլապես ուրիշ պատճառ չեմ տեսնում, այնպես չէ, որ այս «չընտրություններով» Ադրբեջանն իրեն ավելի ուժեղ է զգում: Բայց եթե ռազմական գործողությունների փորձ անի Ադրբեջանը, դա ևս պետք է որ կանխվի նրանց կողմից ովքեր մտահոգ են որ այս տարածաշրջանում իրավիճակը կարող է ապակայունանալ, և դրա հետևանքը կլինի ոչ միայն տարածաշրջանում ապակայունացումը, այլ ավելի լայն տարածքում ապակայունացում, դրա համար իրենց բոլոր միջոցներով պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ կրակի հետ պետք չէ խաղալ»,- ասաց նա:

Տպել Տպել