ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

Դաշնակցությունը, մտահոգված վերջին օրերին Երեւանում ու երկրում տեղի ունեցող իրադարձություններով, որոշել է հայտարարություն տարածել՝ դրանով փորձելով մատնանշել ելքը։ Այդ ելքն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեսնում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից ու, առհասարակ, իշխանությունից հեռանալու մեջ, մինչեռ ՀՅԴ-ի հայտարարության մեջ խոսվում է երկխոսություն սկսելու մասին։ ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ եւ Սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»: Այս առաջարկին նույն օրն արձագանքել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ ողջունում է առաջարկությունը:

Թե ինչպես են պատկերացնում այդ երկխոսությունն ու հարթակի ձեւավորումը, ինչ ձեւաչափով ու լուծումներով, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց․ «Որպես քաղաքական ուժ՝ մենք այն համոզումն ունենք, որ քաղաքական հարցերը պիտի քննարկվեն հստակ քաղաքական օրակարգի շրջանակներում։ Կարծում ենք, որ չկա հարցերի շրջանակ, որ հնարավոր չէ քննարկել։ Ամեն դեպքում, ճիգ ու ջանք պետք է թափել՝ քաղաքական օրակարգի շրջանակներում եւ քաղաքակիրթ ձեւով հարցերը քննարկելու համար»։

Համբարձումյանն ասաց նաեւ, որ, իրենց պատկերացմամբ՝ հարցերը պիտի քննարկվեն համախոհության սկզբունքով, եւ այդ քննարկմանը պետք է մասնակցի 6 քաղաքական ուժ՝ ԱԺ 3 ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ) եւ «Ելք» դաշինքի մաս կազմող երեք կուսակցությունները։ Թե ինչու հենց Արմեն Սարգսյանի հովանու ներքո, հատկապես, որ նա շատ թույլ լիազորություններ ունի, ՀՅԴ-ականն ասաց․ «Որովհետեւ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ պետության գլուխ է հանդիսանում եւ Սահմանադրության երաշխավոր: Եվ ես կարծում եմ՝ միայն լիազորությունների շրջանակը չպիտի նկատի ունենալ, պիտի նկատի ունենալ նաեւ հեղինակության ուժը, եւ տրամաբանական է, որ հանրապետության նախագահն այս հնարավոր եւ մեզ համար ցանկալի գործընթացի մեջ լուրջ դերակատարություն ստանձնելու փորձ կատարի»։

– Պարոն Համբարձումյան, երկխոսության արդյունքն ի՞նչ պետք է լինի, ի՞նչ զիջումների պիտի գնան կողմերը։ Ցուցարարները հստակ պահանջ ունեն՝ չեն ուզում Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետ։

Հասկանալի է, որ ներկայացվող պահանջը շատ հստակ է ձեւակերպված, բայց կարծում եմ, որ վերջնագրերի տեսքով խոսել քաղաքականության մեջ, միշտ չէ, որ կարող է հանգեցնել լավ արդյունքների։ Ես կարծում եմ, որ առողջ բանականությամբ պիտի քննարկվեն հարցերը եւ բովանդակային տեսանկյունից։ Այսինքն՝ այն պատճառները, որոնց վերաբերյալ կա դժգոհություն, էդ պատճառները վերացնելու տեսանկյունից պարզ, անկեղծ, բաց խոսակցություն պիտի լինի։ Եվ էդ առումով մենք ունենք մեր հստակ պատկերացումները, թե ինչ քաղաքական օրակարգի շուրջ կարող են գնալ բանակցությունները։

– Բայց ցուցարարներն ասում են՝ այդ պատճառը Սերժ Սարգսյանն է, քանզի այդ խնդիրները նրա կառավարման 10 տարվա ընթացքում են առաջացել։ Դուք ի՞նչ եք մտածում՝ Սերժ Սարգսյանը պիտի ասի՝ ես մեկ օրում կանխում եմ արտագաղթն ու, ասենք, արդար դատական համակա՞րգ եմ ստեղծում։

Լավ, բայց եկեք անդրադառնանք, որ շատ հնարավոր տարբերակ է, որ ճիշտ մեխանիզմներ գտնենք, որպեսզի էդ ընդհանուր հայտարարը, որ մենք ենք պատկերացնում, հնարավոր լինի ճիշտ ձեւով ամրագրենք։ Օրինակ՝ առաջիկայում Ազգային ժողով ներկայացվելու է կառավարության գործունեության ծրագիր, եւ դրանում հստակ եւ ժամանակացույցով կարելի է ամրագրել բոլոր լուծումները։ Եվ այդ լուծումներն իրականություն չդառնալու պարագայում նոր Սահմանադրությունը շատ հստակ մեխանիզմներ է ամրագրում, որ կարելի է նույն կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնել։

– Դուք հաշվի առե՞լ եք այն սցենարը, որպես լուծում, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի վարչապետությունից։

-Որպես քաղաքական ուժ՝ զարգացումների որեւէ տարբերակ չենք կարող բացառել։ Մեզ համար կա երկու կարեւոր վտանգ, որ խաղաղ ցուցարարների եւ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն չկիրառվի, եւ արտաքին միջամտությունների ու սադրանքների համար դուռ չբացվի։ Էս երկու հիմնական վտանգը բացառելուն է ուղղված երկխոսության հարթակ ձեւավորելու մեր նախաձեռնությունը։

– Բայց Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները հիշեցնում են Սերժ Սարգսյանի խոստումը, որ չէր հավակնելու վարչապետի պաշտոնին, ու հիմա պահանջում են, որ կատարի այն։ Եթե Սերժ Սարգսյանը որոշի կատարել խոստումը ու հրաժարվի վարչապետի պաշտոնից, ձեզ համար դա ընդունելի՞ տարբերակ կլինի։

-Ցանկացած տարբերակ, որ քննարկումների արդյունքում ընդհանուր հայտարար կձեւավորի, կարծում եմ՝ քաղաքական ուժերի համար էլ ընդունելի կլինի։

– Այս պահին, բացի Արմեն Սարգսյանից, այլ արձագանքներ, հատկապես ընդդիմադիր հատվածից, կա՞ն, երկխոսության հարթակի ձեւավորման ուղղությամբ քայլեր կա՞ն արդեն։

-Թույլ տվեք այդ մասին ասել, երբ առարկայական ասելիք կլինի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

hraparak.am

Տպել Տպել