Դավիթ Լոքյանը հանդես է եկել ուղերձով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը այսօր հրաժեշտ է տվել նախարարության աշխատակազմին, շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար: ՏԿԶ նախարարության աշխատակազմին, ՀՀ մարզպետարաններին, համայնքներին, նախարարության գործընկեր միջազգային և հասարակական կազմակերպություններին Դավիթ Լոքյանն ուղերձ է հղել.

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՏԿԶ նախարարության ողջ անձնակազմին, մարդիկ, ովքեր տքնաջան աշխատել են, մարդիկ, ովքեր ձևակերպել էին իրենց համար, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը երկրի առանցքային նախարարություններից է և իր վրա մեծ պարտավորություն ունի: Այդ պարտավորությունն է ապահովելու տարածքների համաչափ զարգացումը, տնտեսական աճը, ճշգրիտ կառավարումը, համայնքների համակարգված կառավարման մեխանիզմների ներդրումը և տարածքային կառավարման նոր էլեմենտների ներառումը պետության կառավարման մեջ:

Երկու տարվա աշխատանքների ընթացքում այս նախարարությունում աշխատել եմ բազմաթիվ գիտակ մարդկանց հետ, ովքեր պետություն կառուցելու անհրաժեշտությունը դարձրել են իրենց թիվ մեկ խնդիրը: Նրանք իրենց աշխատանքներն իրականացրել են շատ հանգիստ, կազմակերպված, դա նույնպես պետականության էլեմենտ է. քաղծառայողները, հայեցողական պաշտոններ զբաղեցնողները փոխադարձաբար հրաշալի վերաբերմունք ունեն և սա նույնիսկ ընդօրինակելու փորձ է: Երբեք նախարարությունում որևէ միջադեպ չի եղել, հարաբերությունների լարվածություն չի եղել, քանի որ մարդիկ ձևակերպել էին իրենց հիմնական անելիքը և աշխատել:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել տարածքային կառավարման ղեկավարներին, մարզպետներին, մարզպետարանի աշխատակիցներին, ովքեր վերջին 1,5 տարին աշխատում էին 12-ժամյա ռեժիմով և այն լավագույն արդյունքները, որոնք գրանցվել են ոլորտում, դրանում մեծ դեր են ունեցել մեր տարածքային կառույցները: Բայց հիմնական ակունքը մնում է համայնքը` որպես ինքնակառավարման մարմին, և այսօր մեր համայնքներում կարող ենք ֆիքսել, որ դրված են համակարգեր, որոնք չեն փոխվելու, դրանք առաջնորդելու են այդ համայնքներին աշխատանքները ճիշտ կազմակերպելու գործում: Դա իրենց տարեկան պլաններն են, 5-ամյա ծրագրերն են և այլն:

Համայնքներում արդեն կա գիտակցումը, որ այս կամ այն խնդրի համար պատասխանատուներն այլևս Երևանում չեն նստած, այլ հենց իրենք են իրենց թիմով պատասխանատու: Պետությունը պետք է աջակցի, որպեսզի մարդկանց հնարավորություն տա այդ խնդիրները լուծել, և համակարգի ներդրումը պետք է հասցնել ավարտին: Կունենանք մենք լիարժեք համակարգված գործունեություն համայնքներում, պետությունը, ես կարծում եմ, լուծած կլինի և իր տնտեսական խնդիրները, և իր առօրյա ծառայություններ մատուցելու խնդիրները, որից մեր բնակիչները մշտապես դժգոհում են:

Պատահական չէ, որ այս տարվա առաջին 4 ամիսների ամփոփ տվյալներով` մենք տեսնում ենք 200-ի հասնող սուբվենցիաների ծրագրեր, համայնքների բյուջեների կատարման մոտ 16.4 տոկոս աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 2 մլրդ դրամից ավելի գումարների լրացուցիչ հավաքագրում: Սրանով մենք ավարտված չպետք է համարենք այդ ծանր գործը, որ մենք անում ենք համայնքներում բարոփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Դեռ սովորելու անհրաժեշտություն կա` այսօրվա զարգացող, փոփոխվող աշխարհի իրականությանը հարմարվելու և աստիճանաբար ամբողջական պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու համար:

Շնորհակալություն մեր ամբողջ համակարգին` այս բեղմնավոր, արդյունավետ աշխատանքի համար: Շատ շնորհակալ եմ:

Հարգանքով՝ Դավիթ Լոքյան

mtad.am

Տպել Տպել