Մեր մոտեցումները կներկայացնենք քննարկումների ժամանակ

Այսօր նոր նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՅ Դաշնակցությունը՝ առաջարկելով մայիսի 1-ին սպասվող ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ – «Մեր մոտեցումը հետևյալն է, որ մայիսի 1-ին ընդառաջ պետք է այդ համաձայնությունը կայացվի: Առանց համաձայնեցված մոտեցումների որևէ արդյունք չենք կարող ակնկալել Ազգային ժողովի նիստում»:

Իսկ հարցին, թե արդյոք իրենք թեկնածու առաջարկելու են, Համբարձումյանն արձագանքեց․ – «Քննարկումների ժամանակ մենք մեր մոտեցումների մասին կասենք: Մենք ունենք հստակ մեր պատկերացումը, մեր դիրքորոշումը, բայց նախընտրում ենք, որ քննարկման առարկա դառնա բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ: Մենք հավատացած ենք, որ ընդհանուր սեղանի շուրջ հավաքվելու և քննարկելու պարագայում լուծումն անպայման կգտնվի: Մենք ունենք հստակ մեր առաջարկությունների փաթեթը, մեր պատկերացրած ճանապարհային քարտեզը, և կարծում եմ, որ առարկայական քննարկման համար բավարար հիմքեր ունենք»:

Տպել Տպել