Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ.

«Հարգելի խորհրդարան,

Սա մեզ համար ըստ էության նոր ընտրություն չէ, այլ վերաքվեարկություն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կարող լինել: Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ առաջադրել ենք նրան վարչապետի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, իհարկե, կարող էր տեղի ունենալ մեկ շաբաթ առաջ, բայց տեղի է ունենում մեկ շաբաթ ուշ, սակայն, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ուշ լինի՝ նուշ լինի: Հիմա այս ընտրությունը դարձել է հասունացած ու անհրաժեշտ: Չեմ ուզում կրկնել մեր նախկին հիմնավորումները:

Ուզում եմ հիշեցնել շարժման ղեկավարներին մի հայտնի ճշմարտություն, որ իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսում է իշխանության գալով, նաև ավելացնել, որ հաղթանակ պահելը պակաս կարևոր չէ, քան հաղթանակին հասնելը:

Սա է մեզ սովորեցնում հենց այսօրվա խորհուրդը: Մենք միասին էինք և ազատագրեցինք Շուշին, միասին պետք է մնանք, որ պահենք Շուշին հայկական և ոչ միայն Շուշին, այլև այսօրվա արդեն 42000 քառ. կմ դարձած նոր Հայաստանն ու Արցախը:

Մայիսը եղել է հայության հաղթանակների ամիսը, թող այս նոր հաղթանակը դառնա շարունակությունը հայ ժողովրդի հաղթահարշավի: Հաղթահարշավ, որի բերկրանքը մշտապես թող ուղեկցի մեր ժողովրդին»:

Տպել Տպել