Կներկայացնենք տնտեսական բլոկի ծրագիրը, հեղափոխական մոտեցումներ կլինեն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր հայտարարությունը, որ Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: Նա նշեց, որ հետևողական աշխատանք է պետք կատարել, որ դրանք դադարեն գոյություն ունենալ:

«Ես չափազանց մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ տնտեսական դաշտն ադեկվատ է արձագանքում մեր քաղաքական հայտարարություններին։ Որքանով ինձ հասել են տեղեկություններ և զեկուցել են, մայիսի 8-ից հետո մեր տնտեսությունը ոչ միայն նեգատիվ ազդակներ չի ցուցաբերում, այլև ցուցաբերում է դրական ազդակներ, դա կարծում եմ կապված է առկա լավատեսական մթնոլորտի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պետք է ակնկալել նաև զբոսաշրջության ծավալների մեծացում, քանի որ միջազգային մամուլում Հայաստանը ներկայացվում է հիմնականում դրական շեշտադրումներով: «Մարդիկ լայնորեն հետաքրքրված են Հայաստանով ու հուսով եմ, որ դա կվերափոխվի կոնկրետ գործողության ու նրանք կորոշեն գալ Հայաստան՝ տեսնելու, թե դա ինչ երկիր է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Սուրեն Կարայանին կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ նա նորանշանակ նախարարին ու կառավարությանը կփոխանցի իր ձեռք բերած գիտելիքները՝ կապված այս կամ այն ծրագրերի հետ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարության աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար, թիմը շատ պրոֆեսիոնալ է: Պարոն Մինասյանը նոր մարդ չէ համակարգում, մեծ հույս կա, որ ծրագրերը բնականոն հունով կընթանան»,-ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ ցանկացած պահի կօժանդակի:

Նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ վարչապետի կողմից մատնանշված հիմնախնդիրները լինելու են իրենց գերատեսչության ծրագրային առաջնահերթություններն ու ամենօրյա գործունեության հիմքում: «Հակամենաշնորհային քաղաքականությունը որպես կենտրոնական քաղաքականության մաս կլինի ամենօրյա ու ամեն ծրագրային մոտեցումների մեջ: Մեզ սպասվում է թեժ ու լավ շրջան, մենք առաջիկայում կներկայացնենք տնտեսական բլոկի ծրագիրը, այնտեղ հեղափոխական մոտեցումներ կլինեն, կխնդրենք, որ աջակցությունը լինի ամբողջական»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել