«Ապառաժ»-ի խմբագրական. Նոր էջ, նոր մոտեցումներ

Խորհրդանշական էր, երբ մայիսի 9-ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին մամլո ասուլիսն անցկացրեց Արցախում: Բնականաբար, Արցախում անցկացված ասուլիսի առանցքային թեման եղավ Արցախը, Արցախի նկատմամբ Հայաստանի նոր վարչապետի մոտեցումներն ու միջազգային ասպարեզում Արցախի հարցը ներկայացնելու քաղաքականությունը: Փաշինյանը նախ կրկնեց և շեշտադրեց վաղուց արդեն Արցախի իշխանությունների կողմից արծարծված մոտեցումը բանակցությունների մասնակիցների ձևաչափի խեղաթուրման հարցի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կարող է բանակցել իր անունից որպես հակամարտող կողմ, իսկ Արցախը պետք է ասի իր խոսքը, ունենա իր ներկայացուցիչը բանակցային գործընթացում՝ ի դեմս Արցախի իշխանությունների, հանձինս ԱՀ նախագահի: Մյուս կարևոր կետը, որ առկա էր Փաշինյանի մոտեցումներում, փոխզիջման մասին քննարկումների անտրամաբանական և անիմաստ լինելն էր:

Այսպիսով, Փաշինյանը թե՛ ձևաչափի և թե՛ բանակցությունների բովանդակության վերաբերյալ նոր առաջարկներ ներկայացրեց միջնորդ հանդիսացող պետություններին ու Արցախի հարցով զբաղվող միջազգային հանրությանը:

Փաստորեն, Հայաստանի կողմից առաջարկվում է վերբեռնել Արցախյան հարցով ավելի քան 25 տարի տևող բանակցությունները:

Պատահական չէ, որ Փաշինյանի ասուլիսի Արցախյան բաժինը հատուկ ուշադրության է արժանացել Հայաստանի Հանրապետության երեք նախագահների կողմից (վերջին նախագահի պարագայում՝ միջնորդավորված): Վերջապես, ՀՀ նախագահների ավելի քան 25 տարիների բանակցությունների արդյունքում միջազգային մակարդակում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և ստեղծվել են նախագծեր, որոնք Արցախյան հարցի կապակցությամբ այսօր ձևավորում են միջազգային հանրության մոտեցումները: Յուրաքանչյուր նախագահի բանակցությունների թղթապանակում գոյություն ունի «սև» էջեր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից, Քի Վեստյան համաձայնությունից մինչև կազանյան պայմանավորվածություններ:

Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժումն ունի այդ իրավունքը, որպեսզի հայտ ներկայացնի ձևավորված թյուր մոտեցումների եւ ընբռնումների սրբագրման համար: Այդ իրավունքը ձեռք է բերվել համաժողովրդական շարժման օրինակարգմամբ:

Դեռևս Մադրիդյան սկզբունքների հրապարակման պահին Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարել է բանակցությունների վերբեռնման անհրաժեշտության մասին, իսկ այժմ այդ ուղղությամբ պահանջ է ներկայացվում: Պահի լրջությունը պետք է գիտակցել և առիթն օգտագործել բանակցությունների փակուղին ճեղքելու համար: Արցախի վճռական խոսքը կարող է ճակատագրական լինել:

«Ապառաժ»-ի խմբագրական

16.05.2018թ.

aparaj.am

Տպել Տպել