Համազգայինէն փոխանցում՝ Մաշտոցեան Մատենադարանին

Մկրտիչ Մկրտիչեան

Հինգշաբթի 17 մայիս 2018ին Երեւանի Մատենադարանի նորակառոյց շքեղ սրահին մէջ տեղի ունեցաւ կարճ, բայց՝ նշանակալից արարողութիւն մը:

«Տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ», Յիսուսի բերնով ըսուած է քրիստոնէական Սուրբ Գիրքին մէջ: Ասիկա՛ է, որ գործադրեց այսօր Համազգայինը տասնամեակներու ընթացքին իր մօտ հաւաքուած 27 (քսանըեօթ) մեծ ու փոքր ձեռագիրներու պարագային: Անոնք օր մը անպայման, չէինք գիտեր որքան ժամանակ ետք, պէտք է վերադարձուէին առ որ անկ է: Անոնց մեծամասնութեան մէջ փառաբանուած է անշուշտ քրիստոնէութեա՛ն Աստուածը, բայց անոնց իւրաքանչիւր էջին, իւրաքանչիւր տողին մէջ ներկայ է նաեւ հայկական հանճարը՝ հայութեա՛ն աստուածը: Իսկ հայութեան աստուծոյ տունն ու տաճարը մեր օրերուն Մատենադարա՛նն է, ուր կը ցուցադրուին, կ’ուսումնասիրուին, կը պահպանուին ու կը պաշտպանուին հայկական ձեռագրութեան գոհարները: Մատենադարանը հայութեան հոգեկան ու աշխարհիկ հին անապատներու հանդիպման կէտն է. մեր օրերուն՝ անոնց հոյակապ արտայայտութիւններու կեդրոնացման վախճանական կայանն է: Հայկական պետականութեան վերածնունդի 100ամեակն ու Համազգայինի հիմնադրութեան 90ամեակը լաւագոյն առիթն էր իր մօտ գտնուող սփռուած, սփիւռքացած նիւթեղէն հոգիի մէկ կտորը անոր ամենէն հարազատ վայրը վերադարձնելու՝ Մատենադարանի ապահով դարաններուն ու դարակներուն մէջ:

Ինչպէ՞ս կ’ըլլայ, որ Համազգայինի նման աշխարհիկ կազմակերպութիւն մը այսքան բծախնդրութեամբ, գուրգուրանքով վարուած ըլլայ առաւելաբար կրօնական պարունակութեամբ գրականութեան հետ: Պատասխանը յստակ է. կրօնական ու եկեղեցական միտքը առաջնահերթ դերակատարութիւն ունեցած է հայկական մշակոյթի զարգացման մէջ: Նարեկ, Ներսէս Շնորհալի, բազմաթիւ ուրիշներ եւ, աւելի ուշ՝ Մխիթարեան հայրերը կառուցած կամ ամրապնդած են հայկական մշակոյթի հիմքերը: Անոնք մինչեւ այսօր կենդանի են մեր ժողովուրդի մշակոյթի այլազան արտայայտութիւններուն մէջ:

Միւս կողմէ, Սիմոն Վրացեանի վկայութեամբ, Համազգայինը հիմնելու մտածումը յղացած է Լեւոն Շանթ: Լեւոն Շանթ, Էջմիածնի Գէորգեան Ճեմարանի նախկին աշակերտ, համոզուած անաստուած, Համազգայինի հիմնած առաջին դպրոցի՝ Հայ Ճեմարանի առաջին տնօրէնը, բնական է, իր աշակերտները պիտի պատրաստէր իր պատկերով: Լեւոն Շանթի տնօրէնութեան շրջանին առաւօտեան աշակերտական աղօթքը զանց առնուած էր՝ հակառակ ծնողներու բողոքներուն:

Լեւոն Շանթ իր մահուան անկողինին մէջ կարդալէ ետք Նարեկը կ’ըսէ իր մօտ գտնուող մտերիմին՝ «Նարեկը աղօթագիրք չէ. …: Նարեկացին իր զայրոյթը կը պոռայ երկինքի երեսին, թէ ինչո՞ւ ամէն լաւ բան, անմահութիւն, եւ իմաստութիւն, Արարիչը ինք սեփականացուցած է եւ իրեն տուած միայն կաւէ փխրուն գոյութիւն մը, մտքի աղօտ եւ անցաւոր ճրագ մը միայն»:

Լեւոն Շանթի մահէն ետք տնօրէն նշանակուած Նոր Նախիջեւանի հաւատացեալ ընտանիքի զաւակ՝ Սիմոն Վրացեան կը խոստովանի, թէ ինք Գէորգեան Ճեմարանէն ներս մտաւ հաւատացեալ, իսկ դուրս եկաւ իբրեւ անհաւատ: Ան որպէս պատճառ կու տայ Էջմիածնի միաբանութեան չափազանց անորակ ըլլալը. «Վանքի եւ Ճեմարանի միջեւ կանգնած էր բարձր պատ: … Մի երկաթէ դուռ միայն ծառայում էր իբրեւ անցք Ճեմարանից դէպի վանքը: … Բարեբախտաբար դուռը այնքան լայն չէր, որ վանական բարքերը ազատ մուտք գործէին Ճեմարան»: Սիմոն Վրացեանի տնօրէնութեան օրով Պէյրութիւ Ճեմարանէն ներս հաստատուեցաւ առաւօտեան աղօթքը: Սակայն ո՛չ տէրունական աղօթքը, այլ Ներսէս Շնորհալիի «Առաւօտ լուսոյ» շարականը. ամէնուրէք հնչող միջազգայինը փոխարինուած՝ ազգայինով:

Վերոյիշեալ մէջբերումները ցոյց կու տան Էջմիածնի Գէորգեան Ճեմարանը յաճախած, Համազգայինի հիմնադիր կամ բարձր դիրքի պատասխանատու, Հայաստանի Առաջին Հանրապետութեան անձնուիրաբար ծառայած անձնաւորութիւններու կրօնքի եւ եկեղեցիի հանդէպ ունեցած ոչ այնքան ալ խրախուսիչ դիրքորոշումները: Ասով հանդերձ անոնք գիտակից եղած են մեր եկեղեցիի ունեցած յաճախ յառաջդիմական դերակատարութեան կրթութեան եւ մշակոյթի մարզերէն ներս: Անոնք Գէորգեան Ճեմարանի աշակերտական դրական մթնոլորտը, իրենց հետագայ ուսումով եւ ձեռք բերուած փորձառութեամբ կատարելագործելով, յաջողութեամբ ներմուծած են Համազգայինի Պէյրութի Հայ Ճեմարանէն ներս: Այս ընդհանուր մթնոլորտն է, որ հանդիսացած է հայկական ձեռագիրներու հանդէպ գուրգուրանքի զգացում ստեղծելու մղիչ ուժը:

Փոխանցուած ձեռագիրներու ցանկը բծախնդրութեամբ պատրաստած է պատմաբան Երուանդ Փամպուքեան:

Երեւան, 17 մայիս 2018

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ 14-20-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ


Մայիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ձեռագրերի նվիրատվության արարողություն: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագիր (Ծիսական գրքեր, Ժողովածուներ, Հայսմավուրք, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան և այլն):

Նվիրատվության արարողությունը տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենը նշեց, որ Մատենադարանը վերջին 15 տարվա ընթացքում արժեքավոր ձեռագրերի այսօրինակ խոշոր նվիրատվություն չէր ստացել: Մատենադարանի տնօրենը նշեց, որ արժեքավոր ձեռագրերի հայրենադարձությունը նշանակալի իրադարձություն է:

Ձեռագրերի հավաքածուի մասին միջոցառման մասնակիցներին ընդհանուր և ամփոփ տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը:

Խոսքով հանդես եկավ Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Վիգեն Թուֆենկճյանը: Վիգեն Թուֆենկճյանը նշեց, որ այժմ ձեռագրերը ճիշտ և ամենաապահով տեղում են: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Համազգային հայ կրթական և մշակութային միությանը հանձնեց շնորհակալագիր և Կիլիկիայում 1173 թվականին գրված Գիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի արծաթակազմ շքեղ նմանահանությունը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ

Տպել Տպել