Կա Թուրքիան և թուրք ժողովուրդը, որի հետ պետք է հարաբերվել

Factor.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, պատմաբան Արթուր Եղիազարյանի հետ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակից, Հայաստան-Թուրքիա հարաբերություններից և այլն:

-Պարոն Եղիազարյան, բովանդակային առումով մենք որերո՞րդ հանրապետությունում ենք։

-Այդ բաժանումը շատ պայմանական է, օբյեկտիվ չէ։ Այսօր շատ պետական գերատեսչություններ Հայաստանում նշում են իրենց 100-ամյակը։ Սա նշանակում է, որ նրանց շարունակականությունը պայմանավորված է խորհրդայինով և դրանից առաջ էլ Առաջին Հանրապետությամբ։ Պայմանական կարող ենք շրջաններ ասել՝ 18-20 թվականը մի շրջան, խորհրդայինը՝ մի շրջան, 91-ը՝ մի շրջան։ Բայց իրենց բնույթով դրանք տարբեր հանրապետություններ չեն, մեկ հանրապետություն է, որը ծնունդ է առել 18 թվականին։ 20 թվին Իշխանափոխության արդյունքում և սոցիալական իր տեսակի փոփոխության արդյունքում նա վերածվեց խորհրդայինի, որն էլ հանրաքվեով 91-ին կրկին անկախացավ։

– Առաջին Հանրապետության կործանման մեջ Թուրքիա՞ն ավելի մեծ դեր ուներ, թե՞ Ռուսաստանը:

-Ժամանակակիցներն ասում էին, որ այդ ժամանակ Հայաստանը հայտնվեց թուրքական և ռուսական սալի արանքում։ Բոլշևիկյան իշխանությունը այդ ժամանակ իմպերիալիզմի դեմ պայքարում աջակցում էր քեմալական Թուրքիային, որը դեռ շարժում էր և պետության վերածվեց 1923 թվին ոսկով և զենքով զինվելով։ Բոլշևիկների նպատակն այլ էր, նախկին կայսրության տարածքում վերականգնել կայսրությունը։ Թուրքերի և ռուսական կողմի շահերի համընկնումը ճակատագրական եղավ Հայաստանի այդ ժամանակվա փոքրիկ պետության համար։

-Մենք 1918թ.-ից ի վեր ի՞նչ խնդիրներ ենք ունեցել թուրքերի հետ։

-Խորհրդային շրջանում որպես պետություն չէինք կարող խնդիրներ ունենալ, մենք անկախ պետություն չէինք։ Զրկված էինք ռազմական ինքնուրույն քաղաքականությունից և արտաքին քաղաքականությունից։ Հենց հիմա արցախյան խնդրի շուրջ թուրքական կողմի դիրքորոշումը նայեք։ Նրանք մեզ հետ հարաբերություններն այսօր պայմանավորում են Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով։

-Չեք կարծու՞մ, որ հարկ եղած դեպքում Թուրքիան կարող է մի կողմ դնել Արցախի հարցը և գնալ Հայաստան-Թուրքիա ուղղակի հարաբերությունների։

-Պետք է ընդունենք՝ Թուրքիան մեր հարևան երկիրն է, անկախ տարածքային, ազգային այլ պահանջներից, կա այդ երկիրը և ժողովուրդը, որի հետ պետք է հարաբերվել։ Հայաստանն իր ամենակարևոր զիջումն արել է՝ նախապայման չի դնում Ցեղասպանության խնդիրը, ասում է՝ եկեք խոսենք, այդ խնդիրներին կանդրադառնանք երկխոսության ժամանակ։

-Մենք կարո՞ղ ենք վստահ լինել մեր անկախության կենսունակության մեջ, քանի դեռ մենք չենք կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ -Այո։ Որովհետև անկախությունը պայմանավորված է տարբեր այլ գործոններով։ Հայաստանն այսօր պետություն է իր Զինված ուժերով, իր կարողություններով։ Նույն Թուրքիան, որ շատ անհաջողություններ էր կրում Սիրիայում քրդական խմբավորումների դեմ մարտերի ժամանակ։ Այսինքն՝ քրդերը պետություն չէին կառույցներով։ Հայաստանն ունի հզոր պաշտպանություն։ Գուցե ռազմական առումով նկրտումներ չունենք, բայց դա չի նշանակում, որ մենք մեր անկախությունը չենք կարող պահել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել