Պահանջում են, ուրեմն պետք է անենք

ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթը հունիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին

«Հարգելի գործընկերներ,

Խորհրդային շրջանում, երբ մենք ավելի երիտասարդ էինք, նայում էինք եւ տեսնում, թե ինչպես է սպիտակ տան դիմաց ցուցարարը նախագահից պահանջում իր իրավունքները չոտնահարել: Մենք՝ որպես խորհրդային քաղաքացիներ, շատ զարմանում էինք. ոնց կարելի է երկրի ղեկավարից նման բան պահանջել: Հազար փառք, որ մենք նման կարծրատիպերից դուրս ենք գալիս: Շատ նորմալ եմ համարում, երբ մարդն իր իրավունքների համար պայքարում է, եւ, անկախ ցուցարարների քանակից՝ լինի մեկ, թե հարյուր, մենք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, որպես առաջնային մանդատ ունեցող մարմին, պարտավոր ենք ականջալուր լինել եւ փորձել լուծումներ տալ այդ ամենին:

Մենք հետխորհրդային ժամանակաշրջան ենք ապրել եւ չենք փորձել բաց հասարակություն ստեղծել: Գաղտնիք չէ, որ հասարակությունը խնդիրների մասին բողոքում է հարևանների կամ բարեկամների տանը: Շատ դեպքերում հասարակությունը ինֆորմացված չի լինում թե՛ լավի մասին, թե՛ բացասականի մասին: Այս բացերը մենք պետք է փորձենք վերացնել, եւ ստեղծենք բաց հասարակություն, որ հասարակությունը տեղյակ լինի՝ ինչ է կատարվում, որ հասարակությունը տեղյակ լինի, որ իսկապես խնդիրներ ունենք:

Ո՞վ չգիտի, որ մենք խնդիրներ ունենք, եւ պետք է այդ խնդիրներին լուծում տանք: Ո՞վ չգիտի, որ մեր կադրային քաղաքականությունը նորմալ չէ: Մարդիկ կան, ովքեր իրենց հարեւաններին չեն բարևում, բայց պաշտոնյա են: Նրանք չեն կարող հասարակության հետ կապված խնդիրները լուծել: Մենք այստեղ բարձրաստիճան պաշտոնյաների ենք հրավիրում՝ արհամարում են, չեն գալիս՝ պատգամավորների հարցերին պատասխանելու: Այդ ամենի մասին պետք է բարձրաձայնել՝ որ մենք հարգում ենք ձեզ՝ որպես մեր հասարակության անդամներ, բայց, ընկերներ, դա ձեր տեղը չէ:

Ինչ վատ բան կա, եթե ցուցարարը պահանջում է՝ ասելով, որ իրավապահ մարմինը իր տեղում չէ, եւ պետք է հրաժարական տա: Ոչ մի վտանգավոր բան չկա: Շատ նորմալ երեւույթ է: Պահանջում են, ուրեմն պետք է անենք: Քաղաքական հարցերը պետք է այստեղ լուծվեն եւ ոչ թե այս կամ այն կաբինետում: Մարդիկ ասում են, որ մենք պետք է որոշենք, մենք պետք է այդ ամենն անենք. ոնց կլինի դա: Այդ հարցերին այստեղ՝ քաղաքական կոնսենսուսի պայմաներում պետք է լուծում տրվի, որովհետեւ այսօր պաշտոնյան կա, վաղը չի լինելու այդ պաշտոնյան, եւ մենք չենք կարող երկրի ճակատագիրը թողնել այս կամ այն մարդու հայեցողությանը: Ես գտնում եմ, որ նմանօրինակ պաշտոնյաները տեղ չունեն մեր հասարակությունում եւ մեր իրականության մեջ: Միաժամանակ, պետք է իրականացնել բարեփոխումներ, որոնք միայն ու միայն կնպաստեն մեր երկրի հեղինակության բարձրացմանը:

Եւ վերջինը, ցուցարարներն էլ են դա նկատել, մենք էլ ենք նկատում, որ հանրապետության նախագահն ունի վստահության մեծ պաշար: Դա շատ լավ է, որ հանրությունը վստահում է: Պարզապես մենք՝ որպես քաղաքական մարմին, պետք է օժանդակենք գործադիր իշխանությանը, տվյալ պարագայում՝ պարոն նախագահին, որպեսզի այս ամենն իրականացվի եւ մենք շարժվենք առաջ, որպեսզի արցախցին իր անվան, իր անվտանգության հետ կապված հարցերը բարձր մակարդակով լուծի, եւ չունենանք նմանատիպ խնդիրներ»:

aparaj.am

Տպել Տպել