Ամեն ինչ անելու ենք մարդկանց հույսերն արդարացնելու համար

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին կառավարությունը ութ նոր մարզպետ նշանակեց։

Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ով փոխարինեց Կարեն Բոթոյանին։

Նորանշանակ մարզպետը պատմական գիտությունների թեկնածու է, 1999 թվականից՝ ՀՅԴ անդամ։ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերից Բնապահպանության նախարարի խորհրդականն էր։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ իր անձի շուրջ շրջանառվող տեղեկությունների եւ աշխատանքային հարցերի շուրջ։

– Պարոն Սաղաթելյան, Դուք բանակում չեք ծառայել։ Ի՞նչն է եղել պատճառը։

– Ժամանակին, երբ ես սովորում էի, գոյություն ուներ օրենք, ըստ որի՝ ասպիրանտուրայում սովորող ուսանողները բանակ չէին զորակոչվում։ Ես բուհն ավարտելուց հետո Գիտությունների ազգային ակադեմիայում ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ գիտական ատենախոսություն, ստացել եմ գիտությունների թեկնածուի աստիճան։ Եվ օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել։ Գործող օրենքների շրջանակում պաշտպանել եմ ատենախոսությունը, դա է պատճառը։

– Իսկ անօրինական կերպով ձուկ որսացողների դեմ ինչպե՞ս եք պայքարելու։

– Դրա հետ կապված վաղվանից սկսվելու են խորհրդակցություններ։ Պայմանավորվածություն է եղել, որպեսզի Բնապահպանության նախարարությունում սկսվեն քննարկումներ։ Փորձելու ենք այնպիսի լուծում գտնել, որ ե՛ւ ձկնորսությամբ զբաղվողները, որոնք հացի խնդիր են լուծում, իրենց համար ինչ-որ լուծում գտնվի, ե՛ւ լճին, պետությանը վնաս չպատճառվի։ Քննարկումների նախաձեռնողը Բնապահպանության նախարարությունն է։

– Մարզպետարանի բյուջեն արդյոք բավականացնելո՞ւ է խնդիրների լուծման համար։

– Մարզպետարանի բյուջեն մարզի բոլոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, բավարար չի։ Բայց մենք պետք է հասկանանք, որ խնդիրների մեծ մասը բյուջեի հարց չի. ճիշտ գործողությունների, ճիշտ մենեջմենթի խնդիր է։ Ամեն դեպքում, ամեն ինչ անելու ենք մարդկանց հույսերն արդարացնելու համար։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տպել Տպել