Ստեփանակերտը պետք է համալրի բանակցային ձեւաչափը

«Նոյյան Տապան»-ի հարցին է պատասխանում Լիբանանի «Ազդակ» օրաթրեթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Պարոն Գանտահարյան, վարչապետի այսօրվա ուղերձում Արցախին վերաբերող հատվածը, Ձեր կարծիքով, համահո՞ւնչ էր արդյոք նրա մայիսյան հայտարարություններին եւ կառավարության ծրագրում Արցախի հարցին հատկացված բաժնին։

Կարծում եմ, որ ձեր նշած երեք տեքստերում արցախյան հակամարտության հետ կապված ասվածները փոխլրացնող են իրար, եւ հետեւաբար համահունչ են։ Նորությունը, որը հետաքրքիր մեկնաբանություն էր վարչապետի կողմից, վերաբերում էր ադրբեջանական կեղծ փաստարկին, երբ հայկական կողմը առաջադրում էր պաշտոնական Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան։ Ուրեմն պաշտոնական Բաքուն շահարկում է թեման հակաառաջարկ անելով, որ այդ դեպքում պետք է բանակցություններին որպես ինքնուրույն կողմ մասնակցեն նաեւ ԼՂ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Այս առումով այն հակափաստարկը, որ վարչապետն ասում է՝ ընդգծելով, որ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որեւէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով․ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի, մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, նախագահական ընտրություններին, Ալիեւին նրանք նախագահի մանդատ են տալիս, հետեւաբար, բանակցային գործընթացում այդ մարդիկ ունեն իրենց ներկայացուցչին՝ ի դեմս Ալիեւի, կարծում եմ, որ իրոք լուրջ հակափաստարկ է պաշտնական Բաքվի շահարկումներին։ Եվ այստեղ վարչապետի մեկնաբանությունը օգտագործել է միջազգային հանրության կողմից ընկալված տրամաբանությունը, նորմերը, օրինաչափությունները։

Հիմա կարելի է ասել, որ ԼՂ այսպէս կոչված ադրբեջանական համայնքը, ի դեմս Ալիեւի, մասնակցում է բանակցություններին, որի դիմաց պաշտոնական Ստեփանակերտը պետք է համալրի բանակցային ձեւաչափը։ Սա կարելի է ասել քաղաքական նոր հիմնավորյալ ձեւակերպում է, որը կարող է ունենալ միջազգային ընկալելիություն։

Տպել Տպել