Ներդրումները դեռևս ցանկությունների մակարդակում են

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրում անել ցանկացողների թիվը մեծացել է: «Երբևէ Հայաստանում նման ներդրումային հետաքրքրություն չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը, շեշտելով, որ ցանկացած ներդրման երաշխավորն ինքն է լինելու: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ինչ շոշափելի արդյունք կա այս ոլորտում:

-Ո՞ր երկրներն են ներդրումային հետաքրքրություն ցուցաբերում:

-Տարբեր՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, ՌԴ, արաբական աշխարհ, Չինաստան: Գրեթե բոլոր երկրներից, աշխարհագրությունը բավականին մեծ է:

-Դրանք ընդամենը ցանկություննե՞ր են, թե՞ արդեն կան կոնկրետ քայլեր:

-Դեռևս ցանկությունների մակարդակում են, մի մասը կոնկրետ ներդրումային ծրագրերով է հանդես գալիս, ցանկանում է ծանոթանալ մեր օրենսդրությանը, ներդրումների պաշտպանության համակարգին, արտահանման հնարավորություններին: Բավական հագեցած գրաֆիկով աշխատում են այն գերատեսչությունները, որոնք առնչվում են այս խնդիրներին:

-Ո՞ր ոլորտների հանդեպ է հետաքրքրությունը մեծ:

-Ոլորտները ևս տարբեր են՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև զբոսաշրջություն, արդյունաբերություն: Ընդամենը երեկ Մեծ Բրիտանիայի 11 գործարարների հետ հանդիպում ենք ունեցել, որոնք հետաքրքրված են և՛ ծառայությունների, և՛ վերականգնվող էներգետիկայի ոլորտներով: Այսօր մեր խնդիրն է մեխանիզմները կատարելագործել, որ ցանկությունները վերածվեն կոնկրետ գործերի:

-Քանի որ ներդրումը սիրում է կայունություն, ներդրողները մտահոգված չե՞ն, որ գործ ունեն ժամանակավոր կառավարության հետ, դա նրանց հետ չի՞ պահում:

-Նախ՝ ներդրողները պետք է ծանոթանան ներդրումային մթնոլորտին, միջավայրին: Նրանք հենց այնպես հետաքրքրություն չեն ցուցաբերել, պարզ է, որ այն վերածվելու է կոնկրետ գործի: Դուք ուզում եք, որ մեկ գիշերվա մեջ ներդրողը որոշու՞մ կայացնի: Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարությանը, դա կարող է որոշակի կաշկանդվածություն ստեղծել, բայց ոչ խոչընդոտ: Կարևորը համակարգն այնպիսի վիճակի բերելն է, որ օտարերկրյա ներդրողը համոզված լինի՝ իր ներդրումը պաշտպանված է լինելու:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

irates.am

Տպել Տպել