Անհրաժեշտ է հանել «պարտադիր» բաղադրիչը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտությունը կա: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր»։

Ռուստամյանն ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է հետևողական լինել, և պետք է լուծվի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցը։ Պատգամավորն ասաց, որ կառավարությունում քննարկվող հարցը ոչ թե վերաբերում էր պարտադիր բաղադրիչի վերացմանը, այլ ուղղված էր հարցի վերաբերյալ մեղմացման ճանապարհներ գտնել։

«Վարչապետն էլ արձանագրել է, որ սահմանադրականությունը պահպանելու խնդիր կա, արդարությունը վերականգնելու խնդիր կա։ Կարծում եմ, որ մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը արդարար և սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով լուծել։ Սա որպես միջանկյալ քայլ է կատարվում, որը նախ նրանում է, որ ամսի 1-ին վիճակը թեթևացվում է»,- նշեց նա։

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ քննարկման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այս հարցը օրակարգից չի վերանում. «Մենք պետք է գնանք դեպի այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի։ Դա է խնդիրը»,- ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն չպաշտպանեց Թանդիլյանի մոտեցումը, որ մեկ տարով պետք է հետաձգել օրենքի ընդունումը, Ռուստամյանն ասաց, «Մենք պաշտպանել ենք այդ նախագիծը, բայց չի քննարկվել այդ նախագիծը։ Մենք չենք օրակարգը ձևավորում, կառավարության գործունեության կարգ կա»։

Արմեն Ռուստամյանից հետաքրրքվեցին` արդյոք «Բարեգործության դեմ նախագիծը ընտրակաշառքը բացառելու մի մեխանզիմ չէ` կարգավորելու այդ դաշտը:

«Ընտրությունների ժամանակ բարեգործություն ասվածը մենք արդեն տեսել ենք. դա չարաշահվում է և օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև, և դրա դեմ, այո, պետք է պայքարել: Ես կարծում եմ, որ բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա, բարեգործությունն այն է, որ անում ես փոխարենը ոչինչ չակնկալելով»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարությունում
շրջանառվող նախագծին:

Հարցին` օրենքին դեմ արտահյտվելով նրանք մտադիր են սողանցք թողնել դեպի ընտրակաշառք, Ռուստամյանն ասաց. «Ես արգումենտացիան խորը չեմ ուսումնասիրել դեմ արտհայատվողների, բայց որ հարց կա և այդ դաշտը պետք է կարգավորվի, դրա անհրաժեշտությունը տեսնում եմ»:

Ինչ վերաբերում է հարցին օրինագիծը հալածում է արդյոք բարեգործներին, Ռուստամյանն ասաց, որ եթե խնդիրներ կան օրինագիծը հղկելու, դրան նույնպես դեմ չէ:

«Բայց օրինագիծը նպատակ ունի հստակեցնել, որ բարեգործությունը լինի հենց բարեգործություն, որ բարեգործը պետք է որևէ շահույթ, շահ, նպատակ չհետապնդի, սա է հարցը»,- եզրափակեց նա:

Տպել Տպել