ՀՅԴ-ի և ԵԼՔ-ի միջև հակասություն չկա

ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Մենք երբիցե չենք մտածել և չենք մտածում միայնակ չմասնակցելու մասին: Մենք միշտ առանձին ենք մասնակցել, ունեցել և ունենալու ենք մեր մասնակցությունը խորհրդարանում: Մենք այն կուսակցությունն ենք, որ մի տարի չենք ասել մի բան, մյուս տարի՝ այլ բան, չենք փորձել մեր անցած տարվա կարծիքը 180 աստիճանով փոխել»,- ընդգծեց Արմենուհի Կյուրեղյանը:

Ինչպիսի՞ քաղաքական պայքար եք ակնկալում, ո՞ր ուժերին եք համարում ձեզ մրցակից՝ հարցրինք Կյուրեղյանին, որին ի պատասխան պատգամավորը նշեց. «Մենք չենք պայքարում որևէ ուժի դեմ, մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, սխալ եմ համարում որևէ ուժին մրցակից համարել: Բնականաբար, թեժ քաղաքական պայքար կլինի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են՝ տարբեր տեսլականներով: Ի վերջո, պետք է ժողովուրդն ընտրի, ես հույս ունեմ, որ ժողովուրդն իսկապես պետք է գնա ազատ, արդար ընտրությունների»:

Անդրադառնալով ՀՅԴ-ԵԼՔ հակասության մասին լուրերին՝ Կյուրեղյանը հակադարձեց. «ՀՅԴ-ի և ԵԼՔ-ի միջև հակասություն չկա, եթե խոսքը Արծվիկ Մինասյան-Նիկոլ Փաշինյան բանավեճի մասին է, ապա դա ընդամենը հարցի վերաբերյալ տարբեր կարծիքների արտահայտում էր: Եթե դուք սպասում եք, որ կառավարության որոշումների վերաբերյալ պետք է քննարկումներ չլինեն, ապա ես դա ճիշտ չեմ համարում: Արծվիկ Մինասյանը պնդել է, որ, այո, ինքը և մեր խմբակցությունն ու կուսակցությունը դեմ են պարտադիրի բաղադրիչին»,- եզրափակեց Կյուրեղյանը:

ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

haydzayn.am

Տպել Տպել