Հայաստանը «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջեւ»

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Հայաստանը «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջեւ»

1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ: Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ` Կուբանի, Դոնի, Թերեքի, Ղրիմի, Սիբիրի և այլն: Սրանք ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ Ա. Դենիկինը, Ա. Կոլչակը, Պ. Վրանգելը և ուրիշներ:

Այն բանից հետո, երբ խորհրդային Կարմիր բանակը քաղաքացիական կռիվների արդյունքում պարտության մատնեց Դենիկինի կամավորական բանակին և մտավ Հյուսիսային Կովկաս, անմիջական վտանգ ստեղծվեց Անդրկովկասի երեք անկախ հանրապետությունների խորհրդայնացման համար:

1920 թ. ապրիլի 28-ին առանց դիմադրության խորհրդայնացվեց Ադրբեջանը: Այդ երկրի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որը գլխավորում էր նախկին մուսավաթական Նարիման Նարիմանովը, նպատակ ուներ Կարմիր բանակի օգնությամբ կենսագործել մուսավաթականների ծրագիրը` գրավել և Ադրբեջանին միացնել հայկական տարածքները (Ղարաբաղը, Զանգեզուրը, Շարուր-Նախիջևանը) և դրանով իսկ «լուծել իր ազգային խնդիրները»: Եվ, իրոք, չուշացավ այդ օգնությունը:

Փոփոխված իրադրության պայմաններում Հայաստանի կառավարությունը որոշեց բանակցել Խորհրդային Ռուսաստանի հետ` բարեկամական դաշնագիր կնքելու և Հայաստանի անկախությունը ճանաչել տալու նպատակով: Այդ առաքելությամբ, 1920 թ. ապրիլի 30-ին, Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը` խորհրդարանի փոխխոսնակ, տաղանդավոր գրող Լևոն Շանթի գլխավորությամբ: Սկզբում հաջող սկսված հայ-ռուսական բանակցությունները հետագայում գործնական որևէ արդյունք չտվեցին:

Հայաստանի կառավարությունը թեև ցանկություն ուներ Ռուսաստանի հետ կնքելու բարեկամական դաշնագիր, մյուս կողմից շարունակում էր հույսեր կապել Արևմուտքի «դաշնակիցների» հետ, որովհետև սպասվում էր մեծախոստում Սևրի պայմանագրի ստորագրումը: Իր հերթին` խորհրդային կողմն էլ Հայաստանի հետ պայմանագրի կնքումը պայմանավորում էր նրանով, որ Հայաստանը պետք է որոշակի տարածքային զիջումներ կատարեր Ադրբեջանին ու Թուրքիային, ինչպես նաև տարանցիկ ճանապարհ տար, որպեսզի Կարմիր բանակը ցամաքով կապվեր քեմալական Թուրքիայի հետ: Հայկական կողմը չհամաձայնեց դրան: Մոսկովյան բանակցությունները մտան փակուղի, ընդհատվեցին` Երևանում շարունակելու հեռանկարով: Հայ-ռուսական բանակցությունները, խորհրդային կողմի առաջարկով, ընդհատվեցին այն պատճառով, որ հուլիսի կեսերից, նույն Մոսկվայում, սկսվել էին խորհրդա-թուրքական ավելի գրավիչ բանակցությունները:

Այդ նույն օրերին` 1920 թ. հուլիսին, երբ Շանթի պատվիրակությունը դեռ Մոսկ¬վայից չէր վերադարձ
ել, Ադրբեջանի հեղկոմը և 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը փաստորեն պատերազմ սկսեցին Հայաստանի դեմ: Կարմիր բանակի զորամասերը, գույնը փոխած մուսավաթական խաժամուժի հետ, անցան հարձակման` Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը գրավելու նպատակով: Դրա¬նով սպառնալից վիճակ ստեղծվեց ոչ միայն հայկական այդ երկրամասերի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության համար:

Քեմալական շարժումը և խորհրդա-թուրքական մերձեցումը

Ինչպես հայտնի է, Աշխարհամարտում պարտված Թուրքիայի արևելյան նահանգներում 1919 թ. կեսերից սկսված շարժումն իր սուր ծայրով ուղղված էր Հայաստանի ու հայ ժողովրդի ազատագրական ձգտումների դեմ: Քեմալականները նպատակադրվել էին ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ մասնատում: Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթելու արևելահայ տարածքները և ոչնչացնելու հայկական բանակն ու պետականությունը: Այդ մասին են վկայում քեմալական շարժումն սկզբնավորող, 1919 թ. հուլիսին Էրզրումի և սեպտեմբերին Սվազի համաժողովները և դրանցում մշակված «Ազգային ուխտ» կոչված փաստաթուղթը: 1920 թ. հունվարի 28-ին Կ. Պոլսի օսմանյան խորհրդարանը (մեջլիսը) հաստատեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» անվամբ փաստաթուղթը: Այստեղ զարգացվում էր այն գաղափարը, որ անձեռնմխելի է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և տարածքային որևէ զիջում չի արվի հայերին:

«Ազգային ուխտի» համաձայն` Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ` Կարսի և Արդահանի շրջանները: Այս պահանջները դրվեցին քեմալականների գործողությունների հիմքում: 1920 թ. ապրիլին թուրք ազգայնականները Անգորայում (Անկարա), Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն` Մ. Քեմալի գլխավորությամբ՝ երկրում փաստորեն ստեղծելով երկիշխանություն՝ օրինականը` սուլթանի, իսկ խռովարարը` քեմալական: 1920 թ ապրիլի վերջերին Անգորայում բացվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), որը ձևավորեց կառավարություն` Մ. Քեմալ փաշայի գլխավորությամբ: Վերջինս ապրիլի 26-ի հատուկ նամակով մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեց Խորհրդային Ռուսաստանի (ՌՍՖԽՀ) կառավարությանը: Վ. Լենինը առաջինը շնորհավորեց Քեմալի կառավարությանը, և հունիսի սկզբին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին նրանց միջև: Աշխարհամարտից թուլացած Թուրքիան ակնկալում էր Ռուսաստանից ստանալ քաղաքական-դիվանագիտական, տնտեսական և ռազմական օգնություն և մեծ չափերով ստացավ այդ օգնությունը:

Խորհրդային Ռուսաստանը պայքարում էր իմպերիալիստ համարվող Անտանտի տերությունների դեմ: Այդ նույն պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները: Ստացվեց այնպես, որ պատմականորեն իրար թշնամի այդ երկու երկրների ռազմաքաղաքական շահերը համընկան: Ավելին, համաշխարհային հեղափոխության հրդեհի տարածման ու հաղթանակի պատրանքներով տարված բոլշևիկ առաջնորդներին իրենց թակարդը գցելու համար քեմալականները քարոզչական կեղծ լոզունգներով հայտարարեցին, որ իրենք ևս հեղափոխականներ են և իբր նպատակ են դրել Թուրքիայում ու ամբողջ մուսուլմանական արևելքում նպաստել համաշխարհային հեղափոխության հաղթանակին: Բոլշևիկ առաջնորդները հեշտությամբ ընդունեցին քեմալականների այս խայծը:

Այդ ամենի հիման վրա տեղի ունեցավ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումն ու համագործակցությունը: Ընդ որում, Ադրբեջանը պետք է դառնար կապող օղակ (միջնորդ-շարժափոկ) բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև: Դեռ 1919 թ. նոյեմբերին Բաքվում մշակվել էր այն պլանը, որով թուրքական զորքը պիտի անցներ Հայաստանի վրայով` Դենիկինի թիկունքին հարվածելու համար: ՀՀ ռազմական (զորական) նախարարության գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքի պետ կապիտան Մուրադյանը 1919 թ. վերջերի մի գաղտնի ամփոփագրում հայտնում էր, որ ստացված լուրերի համաձայն ` թուրքերի և բոլշևիկների միջև կայացել է համաձայնություն, որով մինչև Արփաչայ (Ախուրյան) գետը տրվում է թուրքերին, իսկ վերջիններս էլ դրա դիմաց պատրաստվում են Ադրբեջանի հետ միասին հարվածել Դենիկինի կամավորական բանակի թիկունքից: Դենիկինի հետ հաշիվները մաքրելուց և Ադրբեջանը խորհրդայնացնելուց հետո հերթի դրվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը:

1920 թ. օգոստոսի 24-ին Գ. Չիչերինի և Բեքիր Սամի բեյի միջև նախաստորագրվեց խորհրդա-թուրքական մերձեցման գաղտնի պայմանագիրը, որն իր սուր ծայրով ուղղված էր Հայաստանի դեմ: Պայմանագրի նախագծով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի «Ազգային ուխտով» գծված սահմանները: Այդ նշանակում էր, որ Ռուսաստանը ճանաչում էր մինչև 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը եղած պետական սահմանը, այլ խոսքով` ոչ միայն Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերի կողմից գրավյալ արևմտահայ նահանգների, այլև արևելահայ Կարսի մարզի ու Արդահանի վերադարձը Թուրքիային:

Ավելին, բոլշևիկ-թուրքական դաշնագիրը նպատակ ուներ հակազդելու և ի չիք դարձնելու Սևրի պայմանագիրը: Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր քայլերի դիմել, որ հայանպաստ այդ պայմանագիրը չկենսագործվի: Բանակցությունների ավարտին պես խորհրդային կառավարությունը համակողմանի օգնություն ցուցաբերեց թուրքերին` դրամով (ոսկով), զենքով ու զինամթերքով: Հենց նախաստորագրված պայմանագրից անմիջապես հետո Անգորա վերադարձած թուրք արտգործժողկոմն իր հետ տարավ խորհրդային կառավարության դրամական առաջին մասնաբաժինը` մեկևկես միլիոն ռուբլին՝ ոսկով:

Թուրքերն անչափ կարևորում էին Հայաստանի վրայով տրանզիտի հարցը առաջին հերթին Նախիջևանով` Ռուսաստանի հետ կապվելու, զենք ու զինամթերք փոխադրելու նպատակով: Հենց այդ շահագրգռության դիմաց օգոստոս ամսին ռուսները, խախտելով հայ-ռուսական օգոստոսի 10-ի Թիֆլիսի (Ջամալյան-Լեգրան) համաձայնագիրը, թույլատրեցին, որ թուրքերը գրավեն Սարիղամիշ-Շահթախթի գիծը: Դա մի կողմից հնարավորություն տվեց անմիջական ցամաքային կապ հաստատելու Զանգեզուրից Նախիջևան մտած Կարմիր բանակի հետ, իսկ մյուս կողմից ռուսներից ստանալու սպասվելիք զենք-զինամթերքը: Բացի այդ՝ Հայաստանի գլխին կախվող սպառնալիքներից մեկն էլ այն էր, որ ռազմավարական նշանակության Սարիղամիշի գրավումը քեմալականների համար անմիջական ճանապարհ կբացեր՝ արշավելու դեպի Կարս և Ալեքսանդրապոլ:

Այդ ամենով հանդերձ` Թուրքիայի դաշնակից խորհրդային կառավարությունը Բաքու-Նախիջևան, Նովոռոսիյսկ-Տրապիզոն, Օդեսա-Սամսուն և այլ ցամաքային ու ծովային գծերով անընդհատ մատակարարում էր շատ մեծ չափերի հասնող զենք, ռազմամթերք, դրամ-ոսկի, ցույց էին տալիս զինվորական խորհրդատվություն և դիվանագիտական աջակցություն: Ոչ լրիվ տվյալներով՝ 1920 թ. ամռանը քեմալականները օգնության կարգով Խ. Ռուսաստանից ստացան 6000 հրացան, ավելի քան 5 մլն. փոմփուշտ, 17600 արկ, իսկ սեպտեմբերին 200,6 կգ ձուլածո ոսկի: Հոկտեմբեր ամսին թուրքերը Ռուսաստանից ստացան 16 վագոն հրացան ու փամփուշտ, որոնք շոգեմակույկներով Տուապսեից փոխադրվեցին Տրապիզոն ու բաժանվեցին հայկական ռազմաճակատ մեկնող չեթեներին: Այդ օգնությունը շատ ավելի մեծ չափեր ընդունեց հետագայում` 1921-1922 թթ.: Սակայն միամտություն կլինի կարծել, թե քեմալականները Ռուսաստանի անկեղծ բարեկամներն էին: Այդ բարեկամությունը ժամանակավոր էր, կեղծ ու շինծու, որը ասպարեզ էր նետվել քաղաքական-դիվանագիտական որոշակի հաշվարկներով, որից էլ մեծապես տուժեցին հայ ժողովուրդը և նրա ստեղծած անկախ պետականությունը:

Բոլշևիկ-քեմալական գործակցության ուժեղացման տեսակետից մեծ դեր խաղաց Արևելքի ժողովուրդների 1-ին համագումարը Բաքվում (1-8-ը սեպտեմբերի 1920 թ.): Այն կազմակերպել էր Կոմունիստական 3-րդ ինտերնացիոնալը: Ի դեպ, համագումարի 1891 պատգամավորներից 110-ը հայեր էին: Տարված լինելով համաշխարհային հեղափոխության պատրանքներով` կոմունիստների առաջնորդները մեծ հույսեր էին կապում Արևելքի ժողովուրդներին համաշխարհային սին հեղափոխության մեջ ներքաշելու հետ: Այդ պայքարում, Վ. Լենինի, Լ. Տրոցկու և Գ. Զինովևի հաշիվներով, հեղափոխական շարժման առաջամարտիկի (միջնաբերդի) դեր պետք է ստանձներ Թուրքիան: Եվ պատահական չէր, որ այդ խառնաժողովում ամենապատվավոր տեղում էին նստած Հայոց Մեծ եղեռնի մի քանի կազմակերպիչները, այդ թվում` հայ ժողովրդի դահիճ Էնվեր փաշան: Այդ համագումարում քննվեց պատերազմի հարցը` «միջազգային իմպերիալիզմի գործակալ», «համաշխարհային հեղափոխության խոչընդոտ» Հայաստանի դեմ, և վառվեց «կանաչ լույս»` թուրքական հարձակման համար: Արդեն սեպտեմբերի 17-ին, նույն Բաքվում «Արևելքի ժողովուրդների քարոզչության և գործողությունների Խորհրդի» կողմից կազմվեց Հայաստանի վրա հարձակման ու խորհրդայնացման ծրագիրը, որում ռազմական առումով գլխավոր դերակատարը լինելու էր քեմալական Թուրքիան: Դրանով հող նախապատրաստվեց «իմպերիալիզմի գործակալ» Հայաստանի վրա հարձակման համար:

Թուրքական հարձակման պայմաններում ռուսական Կարմիր բանակը` իբրև «ազատարար», մտնելու էր Հայաստան և հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից «փրկելու» պատրվակով խորհրդայնացնելու էր թուրքական բռնազավթումներից զերծ հատվածը: Ասել է թե՝ Խ. Ռուսաստանը նպատակ էր դրել թուրքական սպառնալիքով ընկճելու Հայաստանի դիմադրական ոգին: Այնպես որ Հայաստանի կառավարության ու նրա բանակի ուժերից վեր էր չեզոքացնել թուրք-բոլշևիկյան գործակցության հետևանքով հյուսիսից և հարավից ահագնացող մահացու հարձակման վտանգը: Եվ սեպտեմբերի 17-ին Բաքվում մշակված ծրագրից մի քանի օր անց Թուրքիան սկսեց ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, որն էլ ի վերջո կործանարար եղավ հայոց պետականության համար:

Այսպիսով, 1920 թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման սպառնալիքի առաջ: Հայաստանի Հանրապետությունը փաստորեն հայտնվեց երկու զորեղ ուժերի` Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի` Սիմոն Վրացյանի պատկերավոր խոսքերով՝ «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև»:

Տպել Տպել