GIZ-ի ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում շարունակական կլինեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպային և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյին` ընթացիկ ծրագրերն ու հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն և պետությունը միջոցներ է ձեռնարկում այս ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու և նրանց մրցակցային կարողությունները բարելավելու ուղղությամբ:

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հայաստանում GIZ-ի կողմից իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում` նաև «Մասնավոր հատվածի զարգացում և տեխնիակական մասնագիտական կրթություն և վերապատրաստում հարավային Կովկասում» ծրագիրը, որի շրջանակում արդեն վեց տարի աջակցություն է ցուցաբերվում գինեգործության և տուրիզմի ոլորտներին:

Աննա Կեմպան փաստել է, որ վերջին տարիների ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել GIZ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև, հատկապես Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցով` ուղղված Հայաստանում գինեգործության զարգացմանը: Այս համագործակցության արդյունքներից են շարունակական օժանդակությունը Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիային, ինչպես նաև մի շարք մարզերի տնայնագործ գինեգործների: Միաժամանակ նա վստահեցրել է, որ GIZ-ի ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ:

Քննարկվել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների կադաստրի ստեղծմանն առնչվող հարցեր, ինչը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել Տպել