Կարոտ Սասունյան․ Ես մուսուլմանացած հայի քրիստոնյա զավակ եմ

Ծնունդով Սասունից, այժմ Դիարբեքիրում բնակվող Կարոտ Սասունյանին մանուկ հասակում մայրն ուղարկում էր մզկիթ, որպեսզի արաբական տառերը սովորի, մտածելով, որ եթե երեխան մեծանա որպես մահմեդական, ապա ատելության ու վրեժխնդրության զգացում չի ունենա։

«Երբ անցնում էինք մզկիթի մոտով, ինձ ծաղրում էին՝ ասելով, որ Կարպիսի տղան պետք է դառնա իմամ, ու մենք էլ նրա առջև նամազ անենք: Ես անընդհատ հարցնում էի պապիկիս, թե ով է Կարպիսը, բայց նա այդպես էլ չէր ասում։ Մի օր տեղի տվեց ու ասաց, որ Կարպիսն իմ պապն էր՝ ազգությամբ հայ: Չնայած ինձնից ամեն կերպ փորձում էին թաքցնել իմ արմատները, սակայն չէին կարողանում, քանի որ շրջապատն էր հիշեցնում այդ մասին: Հետո ինձ մոտ հարց առաջացավ, թե այդ դեպքում ի՞նչ կապ ունենք Հուսեյնի հետ, եթե պապս Կարպիսն է. մահմեդականությունս այդտեղ ավարտվեց։ Ես մուսուլմանացած հայի քրիստոնյա զավակ եմ»- պատմեց Սասունյանը։

Կարոտ Սասունյանն ապրում է Դիարբեքիրում, լրագրող է, զբաղվում է լուսանկարչությամբ։ Քուրդ-թուրքական բախումների հետևանքով, Դիարբեքիրի Սուր թաղամասը հսկայական վնասներ էր կրել։ Անմասն չէր մնացել նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի զանգն այդ ժամանակ ընկավ ու լռեց մինչև այսօր։

«Նախքան բախումը եկեղեցին նորոգվել էր և 2011-ին վերաբացվել էր, բայց ոչ թե որպես եկեղեցի, այլ ուղղակի այցելելու համար։ 2012-ին՝ 97 տարվա ընդմիջումից հետո Սուրբ Կիրակոսում կատարվել էր առաջին եկեղեցական արարողությունը: Տարին մեկ անգամ՝ Սուրբ Զատիկի օրը, մեզ թույլատրում էին այնտեղ պատարագ մատուցել: Այն կարծես տեղի ու հարակից շրջանների հայերի հավաքատեղին լիներ։ 2015-ին, Սուրբ Զատիկին 1200 հավկիթ էինք ներկել, որը հետո ինչպես տեսանք քիչ էր։ Բազմաթիվ հյուրեր ունեցանք։ Իսկ հիմա բոլորը վախից տնից դուրս չեն գալիս», – ասաց լուսանկարիչը։

Սասունյանը պատմեց, որ այժմ եկեղեցին անմխիթար վիճակում է․խորաննավերվելէ, գմբեթը չկա։ Արդեն երեք տարի է արգելված է մուտք գործել այդ թաղամաս:

Պետությունն այդ թաղամասում գտնվող ամեն ինչ հողին է հավասարեցրել՝ հայկական տները նույնպես: Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որը նույնպես այդտեղ է գտնվում, վերածվեց մզկիթի։

Սասունյանի խոսքով, եթե քրդերը Դիարբեքիրում համարվում են դուշման՝ թշնամի, ապա հայերին անվանում են «դուշման դուշմանլար»՝ թշնամիների թշնամի։ Այդ իսկ պատճառով հայերը եկեղեցու վերակառուցման համար որևէ պահանջ չեն կարող ներկայացնել։ Սասունյանը որպեսզի արդարացնի իրենց վերագրվող ծուռ սասունցի ասույթը, որոշել է այցելել և թաքուն լուսանկարել սուրբ Կիրակոս եկեղեցին։

«Պարծենալու համար չեմ արել, գիտեմ որ կարոտ եք, անգամ որ լուսանկարները շատ մեծ արժեք ունեն ձեզ համար»,- ասաց Սասունյանը։

Կարոտ Սասունյանը Հայաստանում է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» հրավերով։

«10 տարի է զբաղվում ենք իսլամացած հայերի հարցերով։ Պետք է հստակ զանազանել․կան իսլամացած ու ծպտյալ հայեր։ Ծպտյա լհայերը պահպանում են ազգային դիմագիծը, անգամ ստեղծել են հատուկ ցանց ու գիտեն, որ հարևան գյուղից, որ ընտանքն է հայ ու ամուսնանում են միայն հայերի հետ։ Այս ամենը բնականաբար գաղտնի է պահվում։ Իսկ իսլամացած հայերը շատ հաճախ տեղյակ էլ չեն լինում որ հայ են, այս տեսակը վտանգավոր է»,- նշեց կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին թվագրվում է 5-րդ դարի։ 2011-ին վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեթներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն:

Նանե Հայրապետյան

arfd.info.am

Տպել Տպել