
Արարատ Հակոբյան
Հայաստանի Հանրապետությունը
Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը
Թուրքիան, հետամուտ իր հակահայ պլաններին, պատրաստվում էր զենքի ուժով վերացնել հայկական սեպը: Պատրվակ բռնելով Օլթիի ածխահանքերի գրավումը հայակական զորքերի կողմից` սեպտեմբերի 23-ին, առանց պատերազմ հայտարարելու, թուրքական 50-հազարանոց բանակը հարձակվեց Հայաստանի վրա: Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս: Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 29-30-ին ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը: Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար: Հայկական 40-հազարանոց բանակը, ցավոք, չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ:
«Հայրենիքը վտանգի մեջ է» ընդհանուր կարգախոսի ներքո կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց` երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու և թշնամուն հակահարված տալու համար: Երկրում մտցվեց ռազմական դրություն, դասալքության համար սահմանվեց մահապատիժ, հայտարարվեց 20-35 տարեկան տղամարդկանց զորահավաք, արտակարգ լիազորություններով ճակատ մեկնեցին շատ նախարարներ ու պատգամավորներ: Հայրենիքը փրկելու կոչերով հանդես եկան հայ հասարակական-քաղաքական բոլոր ուժերը՝ բացի բոլշևիկներից, սակայն դրությունը փրկել չհաջողվեց. Հայաստանը կարողացավ դիմադրել ընդամենը երկու ամիս:
Էական արդյունք չտվեցին նաև դիվանագիտական քայլերը` Թուրքիայի ագրեսիան մերկացնելու և դրսից օգնություն ստանալու համար: Հայաստանի կառավարությունը շոշափելի օգնություն չստացավ «դաշնակիցներից». ճակատագրական այդ պահին նրանք հիմնականում անտարբեր գտնվեցին, եթե չհաշվենք Անգլիայի՝ 1 մլն. ոսկու գումարի հասնող զենքի, ռազմամթերքի ու զինվորական հանդերձանքի օգնությունը: Պատերազմի ընթացքում Հայաստանի հարևան Վրաստանը պահպանեց չեզոքություն՝ միաժամանակ գաղտնի համաձայնության գալով քեմալականների հետ: Հայաստանին չկարողացավ օգնել Հունաստանը և անձամբ նրա առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Վենիզելոս Էլեֆտերիոսը, որը պետք է ռազմական գործողություններ վարեր Փոքր Ասիայում և դրանով թուլացներ լարվածությունը հայ-թուրքական ճակատում: Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նրա համակրանքը իր դաշնակից Թուրքիայի կողմն էր: Ավելին, հայկական զինված ուժերի մի մասը ստիպված էր գամված մնալ Ղազախի, Բասարգեչարի, Դարալագյազի և Շարուրի շրջաններում` պաշտպանելու սահմանները խորհրդային զորքերի հաճախացող հարձակումներից: Փաստորեն Հայաստանի Հանրապետությունը ստիպված էր պատերազմել մի քանի ճակատով` թե´ թուրքերի, թե´ Կարմիր բանակի դեմ, չհաշված «5-րդ շարասյուն»` հայ բոլշևիկներին:
Հայկական բանակի մարտունակության անկման, դասալքության ուժեղացման գործում իր բացասական դերը խաղաց նաև հայ բոլշևիկների հակապետական, պարտվողական քարոզչությունը` քեմալական «ընկերներին օգնելու համար»: Վերջիններս դիմում էին զինվորներին, որ դասալքեն և չկռվեն «բարեկամ» թուրք զորքի դեմ, քանի որ, ըստ նրանց, ժողովրդի գլխավոր թշնամին Հայաստանի կառավարությունն է, ուստի պետք է զենքն ուղղել դաշնակցական կառավարության դեմ, և իբր թուրք ասկյարը գալիս է՝ ազատություն բերելու հայ ժողովրդին:
1920 թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ լավ ամրացված Կարս քաղաք-ամրոցը, ուր և սրի քաշվեց մոտ 6000 հայ, գերի ընկավ մոտ 3000 զինվոր: Կարսի անկումն, ըստ էության, կանխորոշեց պատերազմի ելքը: ՀՀ նախկին նախարար, բժիշկ Արտաշես Բաբալյանը Կարսի անկման վերաբերյալ ցավով արձանագրել է. «Կորցրեցինք Կարսը, նրա հետ միասին` մեր անկախությունը»:
Մի քանի օր անց` նոյեմբերի 7-ին, հանձնվեց նաև Ալեքսանդրապոլը: Հանրահայտ փաստ է, երբ թուրքական բանակը մոտեցել էր Ալեքսանդրապոլին, տեղի բոլշևիկյան կոմիտեն կարմիր դրոշներով և հեղափոխական լոզունգներով ընդառաջ է գնացել` ողջունելու թուրք «ազատարար» զորքերին Հայաստանը «դաշնակների դժոխքից» ազատելու համար: Թուրքական մահաբեր արշավանքի տագնապալի օրերին կոմունիստները պացիֆիստական, դավաճանական բովանդակությամբ թռուցիկներ էին տարածում զինվորների և խուճապահար ժողովրդի մեջ. «Չկրակե´ս, հայ աշխատավոր զինվոր, եղբայրական թուրք բանակի վրա: Նա քեզ բերում է ոչ թե ստրկություն, այլ ազատություն: Նա գալիս է օգնելու քեզ` քո սրբազան պայքարի մեջ»:
Ընդհանուր առմամբ հայկական երիտասարդ բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ թուրքական փորձառու և մարտերում թրծված բանակին` չնայած առանձին դեպքերում հայ զինվորականների ցուցաբերած խիզախությանը: Հայաստանը ծանր պարտություն կրեց իր դարավոր ախոյանից և կորցրեց իր տարածքների մի զգալի մասը:
Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի փորձառությունն ու թվային գերազանցությունն էր, այլև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց բավարար մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն: Իր բարձրության վրա չգտնվեցին բանակի շտաբը, մի շարք գեներալներ: Բանակի շարքերում բացակայում էր հայրենիքը պաշտպանելու ազգային ոգին: Ճակատային հրամանատարներից թերևս կարելի է առանձնացնել Դրոյին և Սեպուհին (Արշակ Ներսիսյանին), որոնք իրենց հատկացված հատվածներում լուրջ դիմադրություն էին ցույց տալիս և նույնիսկ հաջողություններ արձանագրում: Կարսի մատույցներում 5-րդ (Ալեքսանդրապոլի) գնդի զինվորների կողմից հրամանները չկատարելու ու մարտադիրքերը լքելու համար հուսահատությունից ինքնասպանություն գործեց երիտասարդ գնդապետ Հ. Մազմանյանը և այլն:
Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով նոյեմբերի 18-ին, Ալեքսանդրապոլում, կողմերի միջև կայացվեց վերջնական զինադադար, և դադարեցվեցին ռազմական գործողությունները:
Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական խոր ճգնաժամ: Ստեղծված աղետալի պայմաններում հայ հասարակական-քաղաքական շրջանակներն ու ժողովուրդը ստիպված էին հրաժարվել այնքան թանկ գնով ձեռք բերած անկախությունից: Կուսակցությունների, ժողովրդի ու բանակի մեջ գնալով ավելի ու ավելի գերիշխող էր դառնում ռուսական քաղաքական արևելումը (կողմնորոշումը): Կարսի և Ալեքսանդրապոլի անկումը կանխորոշել էին Բյուրո-կառավարության ճակատագիը:
Թուրքերի հետ քիչ թե շատ տանելի հաշտություն կնքելու և խորհրդային կառավարության համակրանքը շահելու նպատակով կազմվեց համեմատաբար մեղմ հայացքներով նոր կառավարություն: 1920 թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի Բյուրո–կառավարությունը: Հաջորդ օրը` նոյեմբերի 24-ին, Երևանում կազմվեց Սիմոն Վրացյանի (1882-1969) գլխավորած ձախ կոալիցիոն կառավարությունը` էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշ-տության բանակցությունները թուրքերի հետ: Հայկական կողմը պատրանք ուներ, թե Սևրի պայմանագրից հրաժարվելու դիմաց Թուրքիան Հայաստանին որոշ զիջումներ կանի, բայց այդ հաշվարկները ևս սխալ դուրս եկան:
ՀՀ գոյության մայրամուտին կառավարության առջև ծառացած էր երկու շատ կարևոր խնդիր. ա) Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը և բ) իշխանության հանձնումը բոլշևիկներին ու Հայաստանի խաղաղ խորհրդայնացումը:
Առաջին խնդրի իրականացումը լիազորվեց Ալ. Խատիսյանի գլխավորած Հայաստանի պատվիրակությանը, որը նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում պաշտոնապես սկսեց հաշտության բանակցությունները Արևելյան ճակատում թուրքական զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշայի հետ: Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց երկօրյա վերջնագիր, որի ժամկետը լրանալու էր դեկտեմբերի 2-ի երեկոյան:
Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը` Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 1-ին հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները: Եվ 1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 2-ին, այսինքն` իրականում դեկտեմբերի 3-ին, Ալեքսանդրապոլի միջնաբերդում ստորագրվեց բիրտ ուժով Հայաստանին պարտադրված Ալեքսանդրապոլի (Գյումրի) հաշտության պայմանագիրը: Սակայն մինչ այդ` դեկտեմբերի 2-ի կեսօրին, ինչպես հետո կնշվի, ՀՀ կառավարությունը, հանձին Դրո-Լեգրան համաձայնագրի, արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ: Բացի այդ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը չի վավերացվել ո´չ Հայաստանի և ո´չ էլ Թուրքիայի խորհրդարանների կողմից: Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր:
Մյուս կողմից՝ Ալեքսանդրապոլի 18 հոդվածներից բաղկացած թալանչիական պայմանագիրը, որն իր շատ հոդվածներով նման էր Բաթումի դաշնագրին, ստորագրվեց այն մտահոգությամբ, որ, հակառակ դեպքում, Հայաստանը կարող էր մնալ առանց հայերի:
Ամենից առաջ, Թուրքիայի պարտադրանքով, Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից: Պայմանագրով փաստորեն Թուրքիային էին անցնում (թեև խոսվում էր հանրաքվե անցկացնելու մասին) Կարսի մարզը և Սուրմալուի գավառը: Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում: Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանավորության տակ և շուտով (Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի խորհրդա-թուրքական պայմանագրով) հանձնվեց Ադրբեջանին: Հայ-թուրքական պետական սահմանը անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերով: Ալեքսանդրապոլի գավառը մնալու էր թուրքերի կողմից ժամանակավորապես ռազմակալված մինչև սահմանված չափով Հայաստանի զինաթափումը: Մի քանի ամիս անց` 1921 թ. ապրիլի 22-ին, թուրքերը մեծ թալան, ավերածություններ ու հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելուց հետո վերջապես հեռացան գավառից:
Պայմանագրի համաձայն` Հայաստանը մեծապես զինաթափվում էր: Նա իրավունք ուներ պահելու խիստ սահմանափակ թվով զինված ուժեր (1500 զինվոր, 8 հրանոթ և 20 գնդացիր), Թուրքիան կարող էր միջամտել Հայաստանի ներքին գործերին և այլն:
Տարածքային-սահմանային առումով, եթե նկատի ենք առնում, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով գծվում էր միայն հայ-թուրքական սահմանը և այն որևէ առնչություն չի ունեցել Լոռու չեզոք գոտու, Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների հետ, ապա ստացվում է, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը պիտի ունենար գրեթե այնքան տարածք, ինչքան ունեցավ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի` խորհրդաթուրքական և նույնի, ըստ էության, կրկնությունը համարվող 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի` թուրք-անդրկովկասյան պայմանագրերով: Թվային արտահայտությամբ՝ Ալեքսանդրապոլի և նրա շարունակությունը համարվող Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանը պարփակվեց ընդամենը շուրջ 30 հազար քառ. կմ տարածքում: Այդ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության իրավասության տակ գտնվող շուրջ 67 հազար քառ. կմ Արևելահայաստանի տարածքի կեսից ավելին` 37 հազարը, բռնազավթվել է հարևան Թուրքիայի, Ադրբեջանի և մասամբ Վրաստանի կողմից:







