Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպեց Թալինի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելություններ է կատարում տարածաշրջաններ եւ հանդիպումներ ունենում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Հերթական այցելությունը Թալինի տարածաշրջանում էր: Հանդիպումը կայացավ Թալինի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ներկա էին տարածաշրջանի 42 հանրակրթական դպրոցների եւ ավագ դպրոցի տնօրենները: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը:

Աշոտ Սիմոնյանն ամփոփեց 2017-2018 ուսումնական տարին՝ այն ընդհանուր առմամբ դրական գնահատելով: Նա նշեց, որ դպրոցների տնօրենների հետ ավելի քան 10 ամսվա համատեղ աշխատանքի ընթացքում իր կողմից շատ հարցադրումներ են եղել, որոնք այժմ էլ արդիական են: Այնպես որ, նոր կառավարության կողմից իրականացվող հրատապ շատ գործընթացներ իրենք արդեն իսկ նախաձեռնել են, եւ նախկինում տրված հանձնարարականները շարունակում են ուժի մեջ մնալ: Մարզպետը տնօրեններին հորդորեց աչալուջ լինել, նորովի մոտեցում դրսեւորել առկա խնդիրների բացահայտման ու դրանց հետեւողական լուծման նկատմամբ: Նա նշեց, որ անհրաժեշտ է առավել կարեւորել աշխատանքի բովանդակային մասը՝ ուշադրությունը սեւեռելով կրթության որակի բարելավմանը:

Տնօրենները մարզպետին ներկայացրին իրենց մոտ առկա խնդիրները, որոնք վերաբերում էին դպրոցների ֆինանսավորմանը, ջեռուցման կազմակերպմանը, գույքային եւ շենքային պայմաններին եւ այլն: Բարձրացված յուրաքանչյուր հարցի կապակցությամբ Աշոտ Սիմոնյանն իր դիտարկումները կատարեց: Խնդիրները խմբավորվեցին, եւ առաջիկայում դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տրվեց:

Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջեց Թալինի թիվ 1 դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, որոնք ընդհանուր առմամբ գոհացնող էին:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել