Քանդակը միջավայրի արդյունք պետք է լինի

Արամ Մանուկյանի արձանի ստեղծման պատմությունը բավականին տևական գործընթաց է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Ըստ նրա` ոչ մի անօրինական քայլ այդ ընթացքում չի տեսել:

Երևանի գլխավոր ճարտարապետը նախ հիշեցրեց արձանի և վայրի ընտրության պատմությունը: «Մրցույթն այն կարևորագույն գործառույթն է, որն ընտրության հնարավորություն է տալիս, և առավել հրապարակային ընտրություն, քան մրցույթն է, դժվար է պատկերացնել: Իսկ այդ արձանի ընտրությունը, ինչպես բոլորը գիտեն, եղավ երկու փուլով: Առաջին փուլում գնահատվեցին աշխատանքները, լավագույնները խրախուսական մրցանակներ ստացան, սակայն հանձնաժողովին չէր բավարարում կերպարի խնդիրը, ինչը շատ կարևոր է նման դեպքերում: Արդեն երկորդ փուլում ընտրվեց այս աշխատանքը. որոշ մանրամասնային կասկածներով և թերություններով` իր առավելությունը գտավ գաղափարի իմաստով, որը պետք էր ընթացքում մշակվեր, ինչն էլ իրականացավ տևական աշխատանքի միջոցով»,- ասաց նա:

Բարսեղյանի խոսքով` արձանի տեղադրման տարածքի հարցով փնտրտուքները սկսել են ընտրված վայրի`Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հեղինակի` Ռազմիկ Մինասյանի և պատկան մարմինների նախաձեռնող խմբի հետ: «Տեղի ընտրությունը սևեռվեց հենց այս իրավիճակի համար. Արամի փողոցն ընտրվել էր որպես հիմնական առանցք Գլխավոր պողոտայի հետ` տարբեր կետերում: Կար տարբերակ` Նալբանդյան փողոցը, Աբովյան փողոցը, որ հատվում էր Արամի փողոցի հետ, սակայն այս տարածքն ակնհայտ շահեկան էր, և ընտրվեց հենց այս տեղը»,- մանրամասնեց նա` հավելելով, որ արձանի այս տարբերակի` մրցույթով ընտրվելուց հետո սկսվեցին աշխատանքները:

«Աշխատանքի ամբողջ ընթացքում մասնագիտական խումբն այցելում էր արհեստանոց, հանրությանը պարբերաբար հաղորդվում էր, թե ինչ առաջընթաց կա աշխատանքում: Այն գեղագիտական արտահայտչականությամբ ողջունվեց և ավագանու որոշմամբ հանձնարարվեց, որպեսզի այս աշխատանքներ սկսվեն, ինչը տևական` շուրջ չորս ամսվա գործընթաց է: Դժվարություններ են եղել քարերը տարբեր երկրներից հայթայթելու գործում, դա էլ տևական պրոցես էր, ժամանակի սղության կար, սակայն աշխատանքի լարվածությունը դա լրացրեց»,- ասաց Բարսեղյանը:

Նա հայտնեց, որ շատ գոհ է արդյունքից: «Այս քանդակն իր նորարարությամբ և ընդհանրապես քանդակային արվեստի գործում ասված նոր խոսք է: Երևանի, հայ քանդակագործության մեջ գնահատելի աշխատանք է, նաև ժամանակն իր դրոշմը կդնի: Մենք կունենանք նաև մեր հանրության տարբեր շերտերի կարծիքը, սակայն կարծում եմ, որ արձանն իր «քաղաքացիությունն» արդեն ստացել է և կհամարվի մեր տեսարժան վայրերից մեկը: Այս հարթակն ավելի հարստացավ այս արձանի լինելիությամբ, միջավայրն էլ, որ բարեկարգվի և վերջնական տեսքին հասնի, մենք առավել համոզիչ ձևով դա կընկալենք»,- կարծիք հայտնեց Բարսեղյանը:

Երևանի գլխավոր ճարտարապետից հետաքրքրվեցինք` հնարավոր համարո՞ւմ է, որ արդեն իսկ տեղադրված արձանը տեղափոխեն այլ վայր, նա պատասխանեց. «Քանդակը միջավայրի արդյունք պետք է լինի: Գուցե համեմատությունը սխալ է, բայց այն բաժակ չէ, որ վերցնենք, սեղանի այս կողմից այն կողմը տանենք: Ընդհանրապես, արվեստում քանդակը պետք է միջավայրի արտահայտությունը լինի, և այդ միջավայրն ամենակարևորն է ընտրության մեջ: Եթե արձանը տեղափոխենք մեկ այլ տեղ, կարող է արժեքազրկվել, ես դրա իմաստն էլ չեմ տեսնում: Կարծում եմ` հիմքից ճիշտ ընտրություն է կատարվել»:

Բարսեղյանի խոսքով` իրենք մրցույթի անցկացման ամբողջ ընթացքում համագործակցել են մշակույթի նախարարության պատկան մարմինների հետ: «Նրանք երկու փուլերում էլ ընդգրկված են եղել հանձնաժողովի կազմում, նրանց գնահատականներում դիտողություն չի եղել տեղի ընտրության հետ կապված, նաև դիտողություն չի եղել քանդակի տեսքի հետ կապված: Դա արձանագրված է հանձնաժողովի անդամների բաց ստորագրություններով: Քննարկումների ժամանակ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր կարծիքը թափանցիկ արտահայտել է գրավոր տեսքով, և մշակույթի նախարարության երկու պատասխանատու անդամները` փոխանախարարը և քաղաքի հուշարձանների պահպանության գծով ճատրատապետը, նույնպես իրենց դրական կարծիքն են գումարել ընդհանուրի վրա, ինչը և թույլ է տալիս ենթադրել, որ մշակույթի նախարարությունն այդտեղ խնդիրներ չի ունեցել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հայտարարությանը, ապա Բարսեղյանը նշեց, որ այն ընկալում է որպես շտապ արված հայտարարություն: «Մենք միասին աշխատում ենք, և մինչ այդ հայտարարությունը տարածելը, իմ պատկերացմամբ, մի գերատեսչությունը մյուսին պետք է այդ հարցադրումը պաշտոնական ուղարկեր` համապատասխան հիմնավորումների ակնկալիքով: Էլի ուշ չէ, կարծում եմ`քննարկումները, որը առաջարկում է պետական կոմիտեն, միշտ էլ ուշ չէ անցկացնելը` հասկանալու համար` ինչ է եղել: Բայց ունենք այն, ինչ ունենք, և ես ողջունում եմ այս քանդակի ծնունդը»,- հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետը:

Տպել Տպել