Մարտունու զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների առաջին խումբը

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմ Գարիկ Առաքելյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները, ծնողները եւ հարազատները հուլիսի 2-ին հանդիսավոր պայմաններում Մարտունու զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհեցին նորակոչիկների առաջին խմբին:

Հրաժեշտի արարողությունը կազմակերպվեց Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածքի հոգեւոր հովիվ Տեր -Սիմոն քահանա Մկրտչյանը: «Մեր հայրենիքը դրախտային է, իսկ դուք այժմ այդ դրախտը պաշտպանող հպարտ զինվորներն եք: Առաջին հերթին բոլորիդ բարի ճանապարհ ու բարի վերադարձ եմ մաղթում, խաղաղ ու անփորձանք ծառայություն»-նորակոչիկներին դիմեց Տեր-Սիմոն քահանան:

«Սիրելի նորակոչիկներ, ծառայության ընթացքում ձեր կողքին ոչ միայն ձեր ծնողներն ու հարազատներն են, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը: Երկու տարի առաջ ես անձամբ եմ տեսել, թե ինչ քաջությամբ էին ձեր տարեկից տղաները մաքառում հայրենի հողի փրկության համար: Իսկ հիմա դուք գնում եք՝ փոխարինելու մեր հերոս զինվորներին, որի համար կարելի է միայն հպարտանալ: Սիրելի ծնողներ, ամբողջ կյանքում դուք ձեզ հպարտ կզգաք՝ հայրենիքին այսպիսի պահապան զինվորներ պարգևելու համար: Մեզ մնում է խոնարհվել ձեր հպարտության ու համբերության առջև, այսօրվա մեր նորակոչիկներին ցանկանալ բարի ծառայություն ու պատվաբեր վերադարձ»- նորակոչիկներին եւ նրանց ծնողներին դիմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաև Գեղարքունիքի մարզի զինկոմ Գարիկ Առաքելյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Նորակոչիկներին բաժանվեցին Աշոտ Երկաթի պատվին պատրաստված և օրհնված խաչեր, հնչեց զինվորների համար գրված հատուկ աղոթքը:

Նորակոչիկների ծնողներն ու հարազատները առանձնակի հպարտությամբ էին բանակ ճանապարհում իրենց զավակներին: Նորակոչիկները բանակ մեկնեցին բարձր տրամադրությամբ ու բարեմաղթանքների ներքո:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել