Հանդիպում ՀՅԴ-ի և ԵԽ-ում Ընկերվարական խմբակցության ներկայացուցիչների միջև

Հուլիսի 2-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդարանում, կայացել է հանդիպում Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպական Ընկերվարական կուսակցության խմբակցությունների (S&D/ Socialists & Democrats) ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի անձնակազմը, Եվրախորհրդարանի S&D խմբակցության անդամներ Նինա Գիլն ու Քլեյր Մուդին, ինչպես նաև խմբակցության նախագահ Ուդո Բուլմանի` քաղաքական հարցերով գլխավոր խորհրդատու Գաբրիել Չիփրիանին:

Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` անդրադառնալով իշխանափոխությանը, արձանագրված առաջադիմությանն ու Հայաստանում քաղաքական նոր պատկերին:

Նա նաև ներկայացրել է Դաշնակցության մասնակցությունը ձևավորվող նոր կառավարությանը, հակակոռուպցիոն պայքարին, ինչպես նաև առաջիկայում կազմակերպվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում առաձնահատուկ անդրադարձ է եղել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդրին: Շեշտվել է Ադրբեջանի իշխանությունների` հատկապես վերջին շրջանում հնչեցրած վտանգավոր հայտարարությունների, ինչպես նաև այդ երկրի` պատերազմի հարցում պատրաստակամության և ձգտումների մասին:

Հանդիպման օրակարգային կետերից է եղել նաև Արցախ ժողովրդի իրավունքների հարցը:

Մասնակիցները համաձայնություն են հայտնել կուսակցությունների միջև փոխհարաբերությունները զարգացնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հարցում:

yerkir.am

Տպել Տպել