ՀՅԴ-ն առաջարկում է ընտրությունների գնալ բաց համամասնական ցուցակներով

ՀՅԴ-ն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային-տարածքային ընտրակարգից եւ անցնել բաց ցուցակներով համապետական համամասնական ընտրությունների: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենք ունեն 10 առաջարկ:

Արմեն Ռուստամյանի խոսքով, տարածքային ցուցակներով ընտրությունների դեպքում կարող է շատ ձայն ստացածը մանդատ չստանա, իսկ քիչ ձայն ստացածը՝ ստանա, որի ականատեսը եղել ենք անցած ընտրությունների ժամանակ:

«Փակ ցուցակներով ընտրությունը եւս համամասնական է, բայց ավելի պակաս ժողովրդավարական է, քանի որ ընտրողն ընտրում է միայն կուսակցությունը: Այսինքն եթե կուսակցությունն ստացավ 10 մանդատ, կուսակցությունն է որոշում, թե հատկապես որ 10 հոգին են դառնալու պատգամավոր: Բաց ցանկերի դեպքում ընտրողին հնարավորություն է տրվում ոչ միայն ընտրել կուսակցությունը, այլեւ ինքը որոշի, թե հատկապես ում է ուզում, որ մանդատ ստանա այդ կուսակցությունից: Սա ժողովրդավարություն է ապահովում նաեւ կուսակցությունների մեջ»,-ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Նա պարզաբանեց, որ ասենք որեւէ կուսակցություն ստանում է իր օգտին քվեարկած X քվեաթերթիկներ, որոնք սարքը հաշվում է ու ցույց տալիս, թե յուրաքանչյուր թեկնածու որքան ձայն է ստացել այդ ցուցակում, ինչը ցույց է տալիս ամեն մեկի վարկանիշը կուսակցության ներսում:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հարց ուղղեց, թե այդ ընտրակարգի դեպքում ինչպես կարելի է խուսափել նրանից, որ բոլոր ընտրվողները լինեն Երեւանից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ բաց ցուցակների դեպքում ժողովուրդն է որոշում, թե ով անցնի ԱԺ, եթե որոշել է, որ դրանք պետք է երեւանցիներ լինեն, ուրեմն խնդիր չկա:

news.am

Տպել Տպել