Քննարկում ԱԺ–ում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ

Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի հերթական նիստը մեկնարկել է: Նիստը վարելու հերթը «Ելք» խմբակցությանն է: Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջարկություն պետք է ներկայացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Բացի այդ Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ 15 օր ժամկետ են տվել արտախորհրդարանական ուժերին՝ ներկացնելու իրենց առաջարկները:

Հիշեցնենք, որ արդեն իսկ իրենց առաջարկներն են ներկայացրել ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունները:

Ի դեպ, նիստին այսօր պետք է մասնակցեին նաև Կառավարությունում ձևավորված հանձնաժողովի անդամները, սակայն չեն ներկայացել:

ԲՀԿ առաջարկությունը ներկայացրեց Սեգրեյ Բագրատյանը, ով նշեց, որ առաջարկում են 100% համամասնական փակ ընտրակարգ՝ յուրաքանչյուր մարզից մեկական անդամ համապետական ցուցակում ընդգրկելով:

«Մինչև 300 հոգուց բաղկացած ցուցակի ավարտը, ըստ մարզերի մեծության, լրացվում են թեկնածուները, և հնարավորություն է ստեղծվում մարզից մինչև 10 թեկնածու լինել»,-ասաց նա:

Հարցին, որ եթե իր մանդատից Լոռու մարզի թեկնածուն հրաժարվում է, ում է փոխանցվում մանդատը, Բագրատյանը պատասխանեց, որ հաշվի առնելով, որ Վանաձորից է, իրավունք ունի իր լիազորությունը փոխանցել մարզի մյուս թեկնածուին, բայց ընդհանուր առմամբ դա ներքին կուսակցական որոշման հարց է:

ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ մարզերի բնակչության մեծամասնության որոշելու հերթականության դեպքում ստացվում է, որ մեծ մարզերից մտնում են խորհրդարան, իսկ փոքրերը մնում են:

Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց. «Իսկապես մտահոգություն է, բայց նման սկզբունքը ընդգրկել ենք՝ հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի մտահոգությունը, որ մարզերից ներկայացվածությունն ապահովվի»: Ըստ նրա՝ կարելի է կիրառել նույն սկզբունքը, ինչ ազգային փոքրամասնությունների դեպքում էր. մեծ մարզերը գնում է մեծ խմբակցությանը:

ՀՅԴ-ն ներկայացնող Սպարտակ Սեյրանյանը նման պահանջին դեմ էր, քանի որ եթե խորհրդարանի որակի հարցն են քննարկում, ապա չպետք է նման սկզբունքով գնան:

«Դե ուրեմն գնանք փակ ցուցակների»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ մոդելը մտահագությունը չի փարատում: «Ես երբևէ չեմ ենթադրել՝ մարդուն հաշվառած լինելը ներկայացում է մարզ, այդ մասսայի ներկայացվածությունն արհեստական է»,-ասաց նա և բացատրեց, որ հնարավոր է՝ թեկնածուն Լոռու մարզում ավելի ուժեղ է, քան Արմավիրում, Լոռիում նա շատ ձայն կստանա, Արմավիրում չի ստանա, բայց այս սկզբունքով, որ մեծ թվով բնակչություն ունեցող մարզի ներկայացուցիչն է մանդատ ստանում, Արմավիրի անդեմ ներկայացուցչները կարող են ընտրվել:

Դավիթ Հարությունյանը նշեց, թե պետք է պայմանավորվեն առաձին նիստ նվիրել այս քննարկման մասով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստմյանը արձագանքեց, թե քննարկումներից համոզվում են, որ ամենից լավ առաջարկն իրենցն է՝ 100% համամասնական բաց ցուցակներ: «Դեմոկրատիան լավ չի, բայց դրանից լավ բան ոչ ոք չի հորինել, ըստ ժողովրդի ցանկության է որոշվում Աժ-ն, որի միջոցով է որոշվում՝ որ կուսակցությունը և հատկաապես ով ընդգրկվի ԱԺ:

«Մեր առաջարկությունը՝ բաց ցուցակի, լավագույն ճանապարհն է, մի ծայրահեղությունից մյուսի մեջ չընկնենք, ժողովրդի կոնկերտ քվեարկությամբ մարդը որոշում է, որ ՀՅԴ-ից կոնկրետ ուզում եմ ընտրել այս մարդկանց: Հիմա մենք եկել բռնանում ենք, պահանջում ենք ժողովրդին, որ իր որոշումը չկայացնի: Ինչի պետք է անձը քիչ ձայնով մանդատ ստանա»,-ասաց նա:

tert.am

Տպել Տպել