Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը չի կարծում, որ ճիշտ ժամանակն է՝ Արցախում սահմանադրական բարեփոխումներ սկսելու, թեև, ըստ նրա, որոշակի տրամադրություններ այդ ուղղությամբ նկատելի են, և վաղ, թե ուշ գործընթացը սկսվելու է:
Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Իշխանյանը նշեց, որ տարբեր շերտերի կողմից տարբեր պահանջներ են դրվում, ընդհուպ մինչև նախագահի հրաժարականի պահանջ:
«Իհարկե, իմ կարծիքով՝ չկա նման ընդհանուր պահանջ, և չեն հասունացել հանրային տրամադրություններ՝ նախագահի հրաժարականը պահանջելու: Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների և բարեփոխումների մասին հայտարարվել է երկրի նախագահի կողմից: Հունիսի սկզբներին ականատես եղաք ուժային ղեկավարների հրաժարականի պահանջին, և հրաժարականները եղան, նաև նախագահի կողմից ցուցաբերված նախաձեռնությամբ փոփոխություններ եղան: Այդուհանդերձ, կարծում եմ, որ ինչպես հրապարակային ներկայացրել ենք, մի քանի հանգրվանով այդ բարեփոխումները տեղի կունենան, և կարծում ենք՝ առաջին հանգրվանն արդեն իսկ հաղթահարել ենք»,-ասաց նա:
Ըստ Դավիթ Իշխանյանի՝ ընդհանուր առմամբ առաջին փուլում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, որի արդյունքում նաև ակնկալիք կա համակարգային և որոշ գործելաոճի փոփոխության: «Դրա համար ժամանակ է պետք, և ժամանակն աշխատում է այդ ուղղությամբ, բայց ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, որպես այդպիսին՝ Սահմանադրության փոփոխության քննարկումներ չկան»,-ասաց նա:
Միաժամանակ, Դավիթ Իշխանյանը հիշեցրեց ՀՅԴ տեսակետը, որ դեռևս 2017 թ-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության քվեարկության նախօրյակին ՀՅԴ Արցախի կառույցը դեմ էր գնացել գործող Սահմանադրությանը՝ դիտարկելով ժողովրդավարական սկզբունքներին և նպատակներին որոշակի արգելակող Սահմանադրություն: Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն խորհրդարանական համակարգին էր կողմ:
«Այդուհանդերձ, մենք ականատես եղանք, որ Սահմանադրությունը դարձավ իրականություն, և մենք ստիպված էինք համակերպվել դրա հետ՝ բնականաբար, ակնկալելով որոշակի փոփոխությունների, նաև նախաձեռնությունների ցուցաբերում: Կարծում եմ դա տեղի կունենա, և այդ ամենը նույնպես ժամանակի խնդիր է, բայց այսօր ուղղակիորեն նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և ակնկալել, որ մենք անմիջապես կհաջողենք, դեռևս հասունացած չէ այդ քաղաքական պահանջը, բայց ըստ իս՝ այս զարգացումները հենց տանելու են դրան, և տրամաբանական ավարտը լինելու են Սահմանադրական փոփոխությունները, և, գուցե, նաև մեզ հաջողվի կառավարման համակարգի փոփոխություն ընդունել: Այս իսկ առումով մենք կունենանք, վերջապես, նոր մոտեցումներ և ինչու չէ նաև ՀՀ-ի հետ մեկ քաղաքական մակարդակում կգտնվենք»,-ասաց նա:
ԱՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ, իհարկե, կոնսուլտացիաներ սկսել ցանկացած պահին կարելի է նախաձեռնել և հասունացնել: «Այդ առումով կարծում եմ, որ արգելակող հանգամանքներ չկան, միակ արգելակող հանգամանքը, որպեսզի բարձրաձայնվի, վերջին 1 ու կես, 2 ամսվա ընթացում Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է, որի պայմանները մեզ դեռևս զերծ են պահում այդ կարգի քայլեր ձեռնարկելուց, քանի որ դա կարող է այլ կերպ ընկալվել և հանրության մոտ ստեղծել ներքին քաղաքական նոր զարգացումների հիմք, իսկ մենք ընդհանրապես կողմնակից ենք դանդաղ և կայուն քայլերով առաջնորդվելուն»,- ասաց նա:
Նելլի Լազարյան