ՀՅԴ-ն առաջարկում է չեղարկել պարտադիր կուտակային համակարգը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին հրապարակել է «Միֆեր եւ իրականություն Պարտադիր կուտակային կենսաթոշակային hամակարգի մասին» ծավալուն, 80 էջանոց զեկույց:

Ըստ այս հետազոտության, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտության հիմնավորումներն, մեղմ ասած, տեղին չեն: Օրինակ է բերվում՝ սոցիալական արդարության խնդիրը. «Անշուշտ միակ եւ միանշանակ ընդունման ենթակա փաստարկը վերաբերում է հին համակարգի անարդար լինելու հանգամանքին։

Անկախ քաղաքացու՝ տարիների ընթացքում ստացված աշխատավարձից, վճարված հարկերից կամ կենսաթոշակային վճարներից, նրա թոշակը պայմանավորված էր բացառապես աշխատանքային ստաժով՝ առանց մասհանումները հաշվի առնելու։ Կենսաթոշակային բարեփոխումների համակարգի ինչ մոդել էլ ընտրվի, այն պետք է ապահովի արդարության սկզբունքը։

Սակայն կուտակային համակարգը միակը չէ, որը կարող է ապահովել սոցիալական արդարություն։ Գոյություն ունեն նաեւ այլ մեխանիզմեր, որոնք ապահովում են կապը կյանքի ընթացքում վճարված մասհանումերի եւ ծերության կենսաթոշակի միջեւ»։ Реклама 30 Հետազոտության հեղինակները բարեփոխման կողմնակիցների փաստարկներից մեկի վերաբերյալ էլ նշել են՝ «Դրանք կապ չունեն կենսաթոշակային համակարգի հետ եւ դրանց լուծումը գտնվում է կենսաթոշակային տիրույթից դուրս։

Այսպես՝ ՀՀ-ում առկա է ստվերային զբաղվածություն, հազարավոր քաղաքացիներ զբաղված են ձեռներցությամբ կամ հանդիսանում են վարձու աշխատող, վաստակում են եկամուտ, սակայն պատշաճ գրանցված չեն եւ չեն վճարում իրենց հասանելիքը պետական բյուջեին։ Բազմաթիվ են դեպքերը, երբ նույնիսկ գրանցված լինելու պարագայում ձեւակերպված է իրականից ավելի ցածր եկամուտ՝ պետության առջեւ պարտավորությունները նվազեցնելու նպատակով։ Հանրապետությունում կայուն մեծ թիվ են կազմում նաեւ աշխատող աղքատները: Կուտակային համակարգը որևէ կերպ չի կարող լուծել (եւ չլուծեց) ստվերից դուրս գալու խնդիրը, ինչը ակնկալում էին նոր համակարգի կողմնակիցները»։

Զեկույցի հեղինակները բերում են մի շարք օրինակներ, որոնք, ըստ իրենց, հիմնավոր փաստեր չեն համակարգը ներդնելու համար: Հետազոտության մանրամասներին եւ համակարգի մասին ՀՅԴ-ի հակափաստարկներին ծանոթացեք 80 էջանոց զեկույցում:

Այս հետազոտության հեղինակները կենսաթոշակային բարեփոխումների մասին առաջարկություններ են ներկայացնում, նշելով՝ ՀՀ-ն կարիք ունի կենսաթոշակային բարեփոխումների շուրջ մեծ հանրային քննարկման եւ նոր համակարգի մշակման։

Այդ քննարկումներն, ըստ զեկույցի, պետք է լուծի 3 հիմնական խնդիր՝ˬ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկման անցումային շրջանի միջոցառումների կազմում, կամավոր կուտակային համակարգի զարգացման համար խթանիչ միջոցների ձեւավորում, նոր կենսաթոշակային համակարգի մշակում։

«Նոր կենսաթոշակային համակարգի մշակումը օբյեկտիվորեն պահանջելու է որոշակի ժամանակ՝ խորքային ուսումասիրությունների, իրավիճակի համակողմանի գնահատման, համակարգի մեխանիզմների մշակման, հանրային լայն քննարկումերի իրականացման համար: Այս ընթացքում նախ անհրաժեշտ է՝ հետաձգել 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական այն դրույթը, որն անխուսափելիորեն կխորացնի վիճահարույց պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման գործընթացը եւ արդյունքում՝ եւս մեկ ամբողջական քայլ կարվի դեպի «անվերադարձելիության սահմանը»՝ նախատեսելով շուրջ 80 հազար նոր մասնակիցների պարտադիր ներգրավումը:

Մյուս կողմից, մինչեւ խնդրի վերջնական եւ բազմակողմանի լուծումը, առկա ռիսկերը հաշվի առնելով, անհրաժեշտ է նաեւ համակարգի մասնակիցների համար առավելագույնս նվազեցնել պարտադիր նպատակային վճարի դրույքաչափը»,-գրված է զեկույցում:

ՀՅԴ-ն առաջարկում է չեղարկել պարտադիր կուտակային համակարգն, որն, ըստ հետազոտության հեղինակների ան միջապես կապահովի հետեւյալ կարեւորագույն խնդիրների լուծումը՝մասամբ կավելանան համակարգում ընդգրկված քաղաքացիների եկամուտները, կնվազեն պետական բյուջեի ծախսերը (տարեկան 21 մլրդ. ՀՀ դրամ) եւ ճնշումը պետական բյուջեի պակասուրդի վրա, չի առաջանա հավելյալ պարտք վերցնելու անհրաժեշտություն, կավելանան տնտեսության սպառման ծավալները եւ կձեւավորվի տնտեսական ակտիվության լրացուցիչ իրական խթան։

Չեղարկումը, ինչպես նշված է հետազոտությունում, պետք է իրականացվի հաշվի առնելով համակարգում ներառված բոլոր կողմերի՝ պետության, ֆոնդերի կառավարիչների, քաղաքացիների շահերը. «Կուտակված գումարները պետք է տեղադրվեն քաղաքացիների անհատական հաշիվերին եւ հաստատվի դրանց տնօրինման պայմաններն ու ժամանակացույցը։ Ֆոնդերի կառավարիչների կողմից տեղաբաշխված երկարաժամետ պարտատոմսերը կարող են վերաձևակերպվել որպես պետական բյուջեի առջեւ երկարաժամետ պարտավորություններ»։

ՀՅԴ-ն առաջարկում է խթանել կամավոր կուտակային համակարգը:

Այս առաջարկը ՀՅԴ-ն հիմնավորում է հետեւյալ կերպ՝ վերջին տարիները հստակ ապացուցեցին, որ եթե

ա) քաղաքացիների տնօրինության տակ լինում են հավելալ միջոցներ,
բ) առկա է քաղաքական եւ տնտեսական կայունություն,
գ) առկա է վստահություն բանկային համակարգի նկատմամբ, ապա քաղաքացիների ավանդները արձանագրում են աճի միտում։

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ
aravot.am

Տպել Տպել