Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կազմակերպում տարածքներում

Քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն մարզպետ Աշոտ Սիմոնյանը բնակիչների հետ հանդիպումներ է կազմակերպում համայնքներում: Հուլիսի 12-ին նա այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում ընդունելություն կայացավ Ծաղկահովիտ, իսկ Ալագյազի համայնքապետարանում՝ Ալագյազ խոշորացված համայնքների բնակիչների համար:

Բնակիչները մարզպետին դիմեցին սոցիալական, աշխատանքային, առողջապահական եւ անձնական այլ բնույթի հարցերով: Դիմումներից մեծ մասը բավարարվեց տեղում, իսկ ընթացքում լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Դիմումատուներից շատերը դրամական աջակցության խնդիր ունեին, որոնք բավարարվեցին: Ծաղկահովիտում դրամական օգնություն ստացավ 32, Ալագյազում՝ 31 բնակիչ:

Նույն օրը մարզպետը այցելեց նաեւ խոշորացված Ապարան համայնք եւ քաղաքապետարանում հանդիպեց բնակիչների հետ: Հարցադրումների շրջանակը գրեթե նույնն էր այս տարածաշրջանի բնակիչների մոտ: Քննարկվեցին, համապատասխան լուծում, պարզաբանումներ կամ ընթացք ստացան բնակարանային, սոցիալական, աշխատանքային, եւ այլ հարցեր: Դրամական աջակցություն ստացավ 34 բնակիչ:

Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար Աշոտ Սիմոնյանը ընդունելություն կազմակերպեց հուլիսի 13-ին՝ Թալինի քաղաքապետարանում: Այստեղ եւս ընդունելությանը մասնակցեցին տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքների բնակիչները, ովքեր մարզպետին դիմեցին իրենց մտահոգող անձնական ամենատարբեր հարցերով եւ ստացան սպառիչ պատասխաններ: Դրամական աջակցություն ստացավ 67 քաղաքացի:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել