Բիզնեսի ավտոմատացումը կհանգեցնի՞ գործազրկության աճին․ մեկնաբանում է նախարարը

Հուլիսի 14-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց բիզնեսի ավտոմատացման ցուցահանդեսը: Այն նախատեսված է բիզնես գործունեություն ծավալող մարդկանց համար, ովքեր ցանկանում են արագացնել ու հեշտացնել իրենց բիզնեսի կառավարումը և մեծացնել արդյունավետությունն ու վերահսկելիությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է բիզնեսի ավտոմատացման համակարգերի ստեղծմամբ և ներդրմամբ զբաղվող «Մակիչյան Քընսալթինգ» ընկերության, Գործարարության աջակցության գրասենյակի ու «ԱԳԲԱ Լիզինի» կողմից։

Էքսպոյին ներկա էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ավտոմատացումը չի՞ հանգեցնի գործազրկության աճին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ IT ոլորտում հազարավոր թափուր աշխատատեղեր կան, նախարարն ասաց՝ տնտեսագիտական դասական կանոնների համապատասխան, մտահոգությունը ճիշտ է, բայց մյուս կողմից էլ մարդկանց պահանջմունքներն է ավելացել։

«Չմոռանանք, որ որքան նվազում է ինքնարժեքի մեջ աշխատավարձի և այլնի ծախսումները, այնքան մեծ հնարավորություն ունեն նույն այդ կազմակերպությունները բարձրացնել իրենց աշխատողների աշխատավարձերը։ Առաջին հայացքից թվում է՝ ավտոմատացումը կարող է բերել նոր գործազրկության, բայց երբ երկարաժամկետ ենք նայում, ուղիղ հակառակն է՝ ընդլայնում է ծառայությունների ոլորտը, նոր մասանգիտացումների միջոցով ընդլայնվում է աշխատաշուկան»,- շեշտեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ մենք ոլորտում մասնագետների խնդիր ունենք․«Միայն այն որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այսօր իսկ կարիք ունենք 5000 և ավելի աշխատատեղերի, նշանակում է, որ կրթական համակարգի մասով ունենք լուրջ գործողություններ անելու անհրաժեշտություն»։

Տպել Տպել