Գեղարքունիքի մարզպետը` մարզում առկա խնդիրների մասին

Օրերս Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցներ էին հնչել: Այս դեպքի, ինչպես նաեւ մարզում առկա խնդիրների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ:

-Պարո՛ն Սաղաթելյան, ադրբեջանական զինուժի կողմից Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցների մասին ումի՞ց եւ ե՞րբ եք տեղեկացել:

-Կրակոցներից հետո, այդ ընթացքում համայնքի ղեկավարը, արտակարգ իրավիճակների մարզային վարչության պետն անմիջապես զեկուցել են: Ես խոսել եմ կորպուսի հրամանատարի հետ: Բնականաբար, ամեն ինչ հսկողության տակ էր արդեն, ու քայլեր էին ձեռնարկվում: Մնացածն արդեն ռազմական գաղտնիք է: Մենք սահմանամերձ մարզ ենք, ու նման կրակոցներ բնորոշ են: Մի շաբաթ առաջ եւս նման բան տեղի էր ունեցել: Բայց խոսել եմ կորպուսի հրամանատարի հետ, ամեն ինչ հսկողության տակ է: Մտահոգվելու որեւէ պատճառ չունենք: Մեր հայկական զինուժն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում է:

-Իսկ գյուղին ի՞նչ վնաս է եղել դրա արդյունքում, եւ գումարային արտահայտությամբ դա որքա՞ն է կազմում:

-Խոշոր վնասներ չեն եղել: Մեծ վնասների մասին խոսք չկա:

-Դուք ինքներդ այցելե՞լ եք դեպքի վայր եւ ի՞նչ եք արձանագրել:

-Դեպքի վայր չեմ այցելել, որովհետեւ դրա կարիքը պարզապես չի եղել: Սա առաջին դեպքը չի: Մեր գյուղերի վրա մշտապես եղել են նման կրակոցներ: Սա արտառոց դեպք, հատուկ իրադարձություն չի: Մեր բանակը տիրապետում է իրավիճակին: Վախի, ցայտնոտի խնդիր չկա:

-Բայց ամեն դեպքում հետաքիքիր չէ՞ր, քանի որ ամեն օր չէ, որ կրակում են:

-Ոնց կարող է հետաքրքիր չլինել: Եթե մարզում մի փոքր պատահար էլ տեղի է ունենում, ես անմիջապես տեղեկացված լինում եմ: Հետաքրքիր է, մտահոգիչ է, բայց նաեւ վախ տարածելու, ցայտնոտի մեջ ընկնելու որեւէ պատճառ չկա:

-Ընդհանուր առմամբ, վնասներ չկա՞ն, փոխհատուցման խնդիր չկա՞:

-Ո՛չ, բացարձակ:

-Դուք՝ որպես մարզային իշխանության ներկայացուցիչ, սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար կոնկրետ ի՞նչ եք արել:

-Անվտանգ դառնալու համար աշխատում է մեր բանակը մեզ հետ: Պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ են լինում: Այստեղ պետք է աշխատես, ոչ թե խոսես: Անում ենք, աշխատում ենք, Պաշտպանության նախարարը հաճախակի մեր մարզ այցելություններ է ունենում: Կորպուսի հրամանատարը կանգնած է, բանակը կանգնած է, աշխատանքները տարվում են: Ես կոնկրետ աշխատում եմ համայնքների հետ, բնականաբար, նաեւ այդ մասով: Մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, առաջինը, որ մեր սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներն ուժեղացնենք, որպեսզի մարդիկ չարտագաղթեն, որպեսզի հույս կապեն տվյալ բնակավայրի հետ: Օրինակ՝ ես եղել եմ Վահան համայնքում, մեր Հայաստանի սահմանամերձ այն բացառիկ համայնքներից է, որտեղից արտագաղթ չկա: Ու ես հիացած եմ այդ համայնքի երիտասարդությամբ, որը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Երիտասարդ տղաներ կան, ովքեր ֆերմերներ են: Ու ես գյուղում խոստացել եմ` կարճ ժամանակ հետո Վահան համայնքն ունենալու է խաղահրապարակ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան

Տպել Տպել