Մեր կյանքը հայապահպանման համար մղվող մեծ պատերազմ է

Հուլիսի 24-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում:

Հանդիսության ընթացքում հյուրերից շատերը հանդես եկան ելույթներով, սակայն եզրափակիչ ելույթը վերապահվեց Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության ատենապետ` եղբայր Գառնիկ Մկրտիչյանին.

«100 տարին երկար ժամանակ է մարդու կյանքի համար, սակայն կարճ, այն էլ շատ կարճ ժամանակ է ազգային հավաքականության համար, սովահար, գաղթական և որբացած սերունդներից մտքով ու մարմնով առողջ, ազգային իրենց ինքնությամբ հպարտ և արժանապատիվ սերունդներ կերտելու համար: Զարմանալի բան չկա սրանում, որովհետև սովորական միություն մը չի եղել Հ.Մ.Ը.Մ.-ն, ոչ էլ գործել է սովորական պայմաններում»,- ասաց Մկրտիչյանը` հիշեցնելով Հ.Մ.Ը.Մ.-ի անցած դժվար ուղու մասին:

«Հ.Մ.Ը.Մ.-ն թանկ վճարեց ազատ ու անկախ Հայրենիքի գաղափարակիրը լինելու համար։ Սփյուռքում նույնպես այն երբեք չգործեց հեշտ պայմաններում: Հ.Մ.Ը.Մ.-ն մարզախաղեր անցկացրեց առանց մարզադաշտ ունենալու, Հ.Մ.Ը.Մ.-ն սկաուտություն կազմակերպեց առանց անհրաժեշտ հարմարություններ ունենալու: Բայց Հ.Մ.Ը.Մ.-ը գործեց և շատ լավ գործեց, որոհետև «կամավոր բանակի» սկզբունքով նրա անդամներից յուրաքանչյուրն իր միտքն ու բազուկն ի սպաս դրեց հավաքականին, ազգին ու Հայրենիքին: Հ.Մ.Ը.Մ.-ն գործեց, մեծացավ, ուռճացավ և հզորացավ` բացառաբար ապավինելով իր անդամների կամավոր աշխատանքի գիտակցությանը, պատրաստակամությանն ու զոհողության ոգիին»,-նշեց նա:

Մկրտիչյանը մեջբերեց նաև 100 տարի առաջ Հայաստանի լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի այն բնորոշումը, թե` «Մեծ է դերը Հ.Մ.Ը.Մ.-ի: Այդ դերը լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է ազգային բարձր գիտակցություն, այսինքն` մեր ուժերի, մեր արժեքի, մեր ընթացքի և նպատակի պայծառ ըմբռնում: Հարգանք, պատկառանք և տեղ այս աշխարհի մեջ ուժով է ստացվում, պարտադրվում և ներշնչվում: Իսկ ուժեղ է առույգը, առողջն ու կորովին»:

«Հ.Մ.Ը.Մ.-ն առույգ, առողջ և կորովի հայություն պատրաստող այդ միությունն է: Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ուժի աղբյուրն է: Մեր հաջողություն գրավականներից մեկը, որին պետք է գուրգուրալ ազգովի: Մեր ժողովուրդը Հ.Մ.Ը.Մ.-ին տվել է «Կամավոր բանակ»-ի կոչում և պարտականություն, վերջիններս թելադրում են այսուհետ լինել էլ ավելի զգոն և պատրաստ` դիմագրավելու մեր ժողովրդին և Հայրենիքին սպառնացող բոլոր տեսակի մարտահրավերներին: Ի վերջո, մեր կայնքը` Հայրենիքում, թե Սփյուռքում, հայապահպանման համար մղվող մի մեծ պատերազմ է: Հ.Մ.Ը.Մ.-ը կամավոր այն բանակն է, որ այդ մեծ պատերազմը փոքր կռիվներով, մասնաճյուղ առ մասնաճյուղ մղում է երկրից երկիր, շրջանից շրջան: Ի՜նչ փույթ, եթե այդ տեղ-տեղ կռիվներում պարտվի, կարևորը մեծ պատերազմում չպարտվելն է: Կարևորը` հայապահպանության զրահները գետնին չդնելն է: Ի վերջո, Հ.Մ.Ը.Մ.-ը հաղթանակաների միություն է»,-եզրափակեց Գառնիկ Մկրտիչյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել Տպել